civilnet.am Հայաստանում նախատեսվում են օրենսդրական փոփոխություններ, որոնցով կառուցապատողները պարտավոր կլինեն կատարել բնակարանների գովազդում տրված խոստումները՝ ներառյալ բակերի բարեկարգումը, լողավազանների կառուցումը և այլ ենթակառուցվածքների ապահովումը։ Այս մասին ասել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը «ՍիվիլՆեթ բիզնես»-ին չորեքշաբթի տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ կառուցապատողները հաճախ բնակարանները գովազդելիս ներկայացնում են բարեկարգ բակեր, լողավազաններ, շենքերի որոշակի արտաքին տեսք և այլ հարմարություններ, սակայն իրականությունը կարող է էապես տարբերվել ներկայացվածից։ Երբ գնորդները պահանջում են կատարել խոստումները, կառուցապատողները երբեմն հղում են անում պայմանագրերին, որոնցում այդ պայմանները ներառված չեն։
Գևորգյանը նշել է, որ քաղաքացին բնակարան գնելիս վճարում է ոչ միայն բնակելի տարածքի, այլև խոստացված միջավայրի համար։
Նրա խոսքով՝ հանձնաժողովն արդեն զբաղվել է նման դեպքերով և որոշումներ կայացրել՝ կառուցապատողներից պահանջելով կատարել գովազդով ստանձնած պարտավորությունները, նույնիսկ եթե դրանք պայմանագրերում արտացոլված չեն եղել։
Միաժամանակ նախատեսվում է հարցը կարգավորել օրենսդրությամբ։ Գևորգյանի փոխանցմամբ՝ հանձնաժողովը Էկոնոմիկայի նախարարության և Քաղաքաշինության կոմիտեի հետ քննարկում է փոփոխությունների փաթեթ, որով կառուցապատողների գովազդում ներկայացված պայմանները պետք է պարտադիր ամրագրվեն պայմանագրերին կից փաստաթղթերում։
Նախատեսվող փոփոխությունների նպատակն է բացառել իրավիճակները, երբ կառուցապատողը բնակարանների վաճառքից հետո փոխում կամ չի կատարում գովազդում ներկայացված պայմանները։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում