Փաշինյանը խոստանում է հրաժարական տալ կամ չառաջադրվել վարչապետի պաշտոնում՝ կախված Սահմանադրության հանրաքվեի արդյունքներից

Փաշինյանը խոստանում է հրաժարական տալ կամ չառաջադրվել վարչապետի պաշտոնում՝ կախված Սահմանադրության հանրաքվեի արդյունքներից

Հայաստանի նոր Սահմանադրության նախնական նախագիծը կհրապարակվի հաջորդ շաբաթ։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ իշխանություններն առաջիկայում անցնելու են նոր Սահմանադրության ընդունման գործընթացի գործնական փուլին։

Փաշինյանի խոսքով՝ նախագիծը մշակվել է քննարկումների արդյունքում և ներառում է այն հիմնական քաղաքական հենասյուները, որոնք քննարկվել են նաև նախընտրական քարոզարշավի ընթացքում։

Վարչապետն անդրադարձել է նոյեմբերի 18-ին Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկումներին՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից պահանջելով հստակեցնել իր դիրքորոշումը «Միասնական Հայաստանի» գաղափարի վերաբերյալ։

Նա հարց է բարձրացրել՝ արդյոք «Հայաստան» խմբակցությունը, որի կազմում է նաև Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, հավատարիմ է «Միասնական Հայաստանի» տեսլականին։

Փաշինյանի խոսքով՝ այդ հարցի պատասխանը կապված է ընդդիմադիր ուժերի՝ Սահմանադրության փոփոխություններին դեմ լինելու և 1990 թվականի Անկախության հռչակագրին հղումներ անելու դիրքորոշման հետ։

Վարչապետը պնդել է, որ Անկախության հռչակագրով Հայաստանի պետականության հիմքում դրվել է ՀՅԴ-ի «Միասնական Հայաստանի» տեսլականը՝ հայտարարելով, որ 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանը, իր գնահատմամբ, անցում է կատարել Սովետական Հայաստանից դաշնակցական Հայաստանի։

Նրա գնահատմամբ՝ Հռչակագրում Արևմտյան Հայաստանի հիշատակումը և Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի վերամիավորման գործընթացին հղումը պետությունը դրել են հակամարտության տրամաբանության մեջ։

Փաշինյանը նշել է, որ անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետությունը դուրս բերել կոնֆլիկտային տրամաբանությունից՝ ընդգծելով, որ Արևմտյան Հայաստանի պահանջը կարող է հակադարձ պահանջների առաջացման հիմք դառնալ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից։

Վարչապետը նաև ընդդիմադիր «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցություններից պահանջել է հստակեցնել իրենց դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի մյուս հայերի վերադարձի իրավունքի վերաբերյալ։ Նա նշել է, որ այդ հարցի առաջադրման դեպքում հայկական կողմը պետք է հաշվի առնի նաև Ադրբեջանից շուրջ 300 հազար ադրբեջանցիների վերադարձի հարցի բարձրացման հնարավորությունը։

Փաշինյանի խոսքով՝ վերադարձի փոխադարձ պահանջների տրամաբանությունը կարող է հանգեցնել բախման, մինչդեռ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է կառուցվի լեգիտիմության և «Իրական Հայաստանի» գաղափարախոսության հիման վրա։

Նա նշել է, որ նոր Սահմանադրության նախագիծը կարող է լրամշակվել, սակայն չի կարող դուրս գալ «Իրական Հայաստանի» գաղափարախոսության շրջանակից։

Փաշինյանը ընդդիմադիր ուժերին առաջարկել է քաղաքական պայմանավորվածություն՝ Սահմանադրության փոփոխության հանրաքվեի գնալու դիմաց։

«Եթե ժողովուրդը կմերժի Սահմանադրությունը, ես հրաժարական եմ տալիս, եթե ժողովուրդն «այո» կասի Սահմանադրությանը, ես ասում եմ՝ հաջորդ ընտրություններում չեմ լինի վարչապետի թեկնածու»,- ասել է Փաշինյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն