ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր քաղաքական վստահելիությունն է դնում որպես երաշխիք, երբ ընդդմիությանն առաջարկ է ներկայացնում Սահմանադրության հանրաքվեի գնալու դիմաց։
Այսօր նա Կառավարության նիստին ասել է, որ եթե ժողովուրդը մերժի Սահմանադրությունը, հրաժարական կտա, իսկ ժողովուրդն չմերժի, հաջորդ ընտրություններում չեմ լինի վարչապետի թեկնածու։
Փաշինյանը նշել է, որ Սահմանադրության փոփոխության հարցի շուրջ շատ կարևոր է, որ միջազգային հանրության շրջանում ևս ձևավորվի ընկալում․ «Եվ այո, էս թեմայով քննարկում ունենում ենք նաեւ Ադրբեջանի հետ։ Եվ այո, էս թեմայով քննարկում ունեցել եմ նաեւ Դուբլինում Ադրբեջանի նախագահի հետ»։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ներկայումս պրոցեսները շատ արագ են զարգանում, և միջազգային հարաբերությունների շարժունակությունը փոխվել է․ «Այսինքն շատ արագ ա, ֆորմատներ են, տեսնում եք բազմակողմ ֆորմատներ են, որտեղ կարելի ա գնալ մի տեղ եւ տեսնել բազմաթիվ մարդկանց պաշտոնապես, ոչ պաշտոնապես ինտենսիվ այցեր են գնում։ Ես առաջին հերթին պատասխանատու եմ իմ քաղաքական պատասխանատվությամբ, բայց այո, մենք այդ թվում Ադրբեջանի հետ ենք էս թեմայով աշխատում։ Թուրքիայի հետ ենք էս թեմայով աշխատում, Իրանի Իսլամական Հանրապետության, Վրաստանի առաջին հերթին մեր հարեւանների, միջազգային հանրության հետ ընդհանրապես, որ էդ ընկալումը ձեւավորվի, որովհետեւ այն ինչ որ հիմա տեղի է ունենում, հիմա իր մասշտաբն ու նշանակությունը շատ ավելի մեծ է, քան միայն Հայաստան-Ադրբեջան»։
Հարցին, թե թեկնածու չլինելու դեպքում կշարունակի՞ ղեկավարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կամ կդադարեցնի՞ քաղաքական գործունեությունը, Փաշինյանը պատասխանել է․որ ճիշտ է համարում վարչապետի թեկնածուի և կուսակցության վարչության նախագահի պաշտոնների համատեղումը։
«Ես կարծում եմ, որ կուսակցությունը պետք է ղեկավարի (այդ բարեբախտ իրադարձություններից հետո) նա, ով պետք է լինի վարչապետի թեկնածուն, ճիշտ տրամաբանություն է սա։ Ես չեմ ասում քաղաքականությունից հեռանալու մասին։ Բնականաբար չեմ կարող ասել, գուցե հեռանամ, գուցե չհեռանամ, բայց քաղաքականությունից ընդհանրապես հեռանալ հասկացությունը որն ա։ Այսինքն օրինակ հարցազրույց տալն էլ քաղաքականությամբ զբաղվել է, այսինքն մտքեր կիսելը։ Ես չեմ ասի, որ ես քաղաքականությունից հեռանում եմ կամ կհեռանամ, բայց ես դա ճիշտ չեմ համարում։ Էս գլխից ասեմ, որ ես չլինեմ վարչապետի թեկնածու»։
Անդրադառնալով ընդդիմությանը խորհրդարանից հեռացնելու վերաբերյալ իր հայտարարությանը՝ Փաշինյանը նշել է, որ իշխանությունները ցույց կտան, թե ընդդիմությունն ինչ դիրքորոշում ունի գործընթացի նկատմամբ, և այդ հարցում պատասխանների բացակայությունն ինքնին պատասխան կլինի։
«Եթե ընդդիմությունը մերժի, ցույց կտանք ակնհայտը, այն ինչ որ ես ասացի, որովհետեւ այդ հարցերին պատասխաններ կա՛մ պետք է հնչեն, կա՛մ հարցերի պատասխանների բացակայությունը կլինի նույնպես պատասխան։ Մենք ցույց կտանք, որ ընդդիմությունը հանդես է գալիս խաղաղության խոչընդոտի դերում։ Էս ընկալմամբ կգնանք արտահերթ ընտրությունների եւ իմ զգացողությունն ասում է, որ ընդդիմության այսօրվա երկու խմբակցությունները չեն անցնի խորհրդարան»,- ասաց Փաշինյանը։