Երևանի պարեկներն ու համայնքային ոստիկանները կանխել են գողություն կատարած երիտասարդների փախուստը | shantnews.am

Երևանի պարեկներն ու համայնքային ոստիկանները կանխել են գողություն կատարած երիտասարդների փախուստը

Նոյեմբերի 14-ի գիշերը՝ ժամը 3:30-ի սահմաններում, փոստային ծառայություններ մատուցող ընկերությունից ստացվել է ահազանգ, որ Շիրակի փողոցում գտնվող մասնաճյուղից հենց նոր գողություն է կատարվել։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

«Հաղորդումը փոխանցվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին, ինչպես նաև ծառայություն իրականացնող պարեկներին։ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկներն էլ, արագ հասնելով դեպքի վայր, նկատել են «ՎԱԶ-2121» մակնիշի մի մեքենա, որի վարորդը դիմել է փախուստի։

Հետապնդման ընթացքում Հովհաննիսյան փողոցում ուղևորը մետաղադրամներ, դիմակ ու ձեռնոցներ է նետել մեքենայից։ Մտնելով փակուղի՝ «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենան, խփվելով կայանված մեքենաների, կանգ է առել, իսկ վարորդն ու ուղևորը փախուստի են դիմել։ Փախուստը կանխվել է, և երկուսն էլ ձերբակալվել ու տեղափոխվել են Շենգավիթի բաժին։

Պարզվել է, որ նրանք վնասել են մասնաճյուղի դուռը, մտել ներս և գողացել զինվորների համար նախատեսված հանգանակության արկղն ու դրամարկղը՝ պատճառելով մոտ 200 հազար դրամի վնաս։

Շինարարների փողոցի բնակիչ 25-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է բժշկական դիմակ, այլ պարագաներ, նաև՝ դեղնականաչավուն զանգվածով փաթեթ։ Նա և Նուբարաշենի բնակիչ 34-ամյա ընկերը կազմված փաստաթղթերով հանդերձ ներկայացվել են նախաքննական մարմին։

Երկուսն էլ տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն