ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարը Բանգկոկում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունն ու ԹՐԻՓՓ ծրագիրը | hetq.am

ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարը Բանգկոկում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունն ու ԹՐԻՓՓ ծրագիրը

Նոյեմբերի 19-ին Բանգկոկում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (ESCAP) տրանսպորտի հարցերով հինգերորդ նախարարական համաժողովին, որի ընթացքում ընտրվել է փոխնախագահ, վարել նիստերից մեկը և հանդես եկել ելույթով։ Հայտնում է ԱԳՄԱ նախարարությունը։

«Իր ելույթում նախարարի տեղակալն ընդգծել է տրանսպորտային կապերի զարգացման և դիվերսիֆիկացման ռազմավարական նշանակությունը՝ հատկապես դեպի ծով ելք չունեցող երկրների համար՝ կարևորելով այլընտրանքային հաղորդակցության ուղիների զարգացումը, ենթակառուցվածքների արդիականացումն ու միջազգային շուկաների հասանելիության ընդլայնումը։

Ներկայացնելով ՀՀ առաջնահերթությունները՝ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը և «ԹՐԻՓՓ» ծրագրին՝ ընդգծելով դրանց նշանակությունը տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման, տրանսպորտային փոխկապակցվածության ամրապնդման և Հարավային Կովկասում տնտեսական համագործակցության նոր հնարավորությունների ստեղծման գործում։ Նախարարի տեղակալն ընդգծել է, որ «ԹՐԻՓՓ»-ի իրականացումը հիմնված է Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության լիարժեք հարգման, ինչպես նաև փոխադարձության և փոխշահավետության սկզբունքների վրա։

ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է նաև ESCAP-ի դերը տարածաշրջանային համագործակցության խթանման գործում՝ վերահաստատելով ՀՀ պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը Հանձնաժողովի, դրա անդամ պետությունների և շահագրգիռ գործընկերների հետ»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն