Նոյեմբերի 19-ին ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսն ընդունել է դեսպան Տիգրան Բալայանին՝ Բրյուսելում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Բելգիայում ՀՀ դեսպանությունից։
«Դեսպան Բալայանը խորին շնորհակալություն է հայտնել իր դիվանագիտական առաքելության ընթացքում Հայաստանին ցուցաբերված շարունակական աջակցության, նախաձեռնողականության և հետևողականության համար՝ առանձնահատուկ ընդգծելով հանձնակատար Կոսի անձնական ներդրումը ՀՀ-ԵՄ գործընկերության առաջմղման ու որակական նոր մակարդակի բարձրացման գործում։ Տիգրան Բալայանը նաև բարձր է գնահատել Եվրոպական հանձնաժողովի սկզբունքային դիրքորոշումը Հայաստանի դիմակայունության ամրապնդման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման հարցերում՝ վստահություն հայտնելով, որ համատեղ ջանքերով ձևավորված ամուր հիմքերը կծառայեն երկկողմ հարաբերությունների հետագա խորացմանը։
ԵՄ հանձնակատարը Եվրոպական հանձնաժողովի անունից երախտագիտություն է հայտնել դեսպան Բալայանին՝ բարձր գնահատելով ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման գործում վերջինիս դերակատարումը։ Մարթա Կոսը հատկապես ջերմությամբ հիշել է այն համատեղ նախաձեռնությունները, որոնք ծնվել են երկկողմ արդյունավետ քննարկումների արդյունքում և շոշափելի փոփոխություններ են բերել Հայաստանի քաղաքացիների կյանքում։
Հանդիպման ավարտին ԵՄ հանձնակատարը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու Հայաստանի հետ սերտ ու արդյունավետ համագործակցությունը՝ միտված նոր հավակնոտ նշաձողերի նվաճմանը»,- նշված է հաղորդագրությունում։