Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղու՝ Հայաստանի Հանրապետության սահմանին միացող ճանապարհահատվածը (Լաչինի միջանցքում) և սկսել անցակետի կառուցման ու կահավորման աշխատանքներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։
«Ադրբեջանը կատարել է մի գործողություն, որի անթույլատրելիության և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված չլինելու մասին հայտարարվել է բազմիցս ու շատերի կողմից, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի կողմից 2023թ. փետրվարի 28-ին Բաքվում:
Ադրբեջանը խախտել է եռակողմ հիմնարար փաստաթղթի դրույթներ, որին հետևելու խստագույն անհրաժեշտության մասին բազմիցս հայտարարել են հրադադարի հիմնական երաշխավոր ՌԴ-ն, հավաքական Արևմուտքը, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ երկրները, փաստաթուղթ, որը հիմք են ընդունել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը:
Արցախի Հանրապետության ժողովուրդն իրավունք ունի ակնկալելու, պահանջելու հիշյալ դերակատարներից հնչեցնելու հստակ գնահատականներ, ձեռնարկելու գործնական քայլեր և սպասում է դրանց: Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականությանը մենք հակադրում ենք սեփական հողում ազատ ապրելու մեր հստակ վճռականությունը՝ չբացառելով այդ նպատակին հասնելու ոչ մի միջոց:
Ողջամտորեն ակնկալում ենք, որ հայրենիքից բռնությամբ զրկվելուն կամ բռնի հպատակեցվելուն հակադիր մեր վճռականությունն ու սեփական իրավունքների համար մեր արդար պայքարն ի վերջո կստանան միջազգային պատշաճ աջակցություն»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում է՝ «Լաչինի միջանցք»-ում: Դեպքից հետո ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի հրատապ նիստ։
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 23-ին՝ ժամը 12:00-ին, Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանային ծառայությունը «Հայաստանի հետ սահմանին» տեղադրել է սահմանային անցակետ։
Արցախի Անվտանգության խորհուրդը դիմել է եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես Ռուսաստանի Դաշնությանը՝ անհապաղ քննարկումներ սկսելու Արցախի շրջափակման վերացման, ադրբեջանական անցակետի տեղադրման կանխարգելման և Արցախի ժողովրդի անվտանգության իրական երաշխիքների ապահովման շուրջ։
ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղ գործընթացի նկատմամբ վստահության հաստատման ջանքերը: