news.am: Ինչպես երեկ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարությունը, Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրման կապակցությամբ մենք մտահոգություն ենք հայտնել, որովհետև դա խաթարում է խաղաղության գործընթացը: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քուինը:
«Այս պահին մենք ցանկանում ենք, որ կողմերի միջև լինեն բանակցություններ, և խաղաղության գործընթացին մենք պատրաստ ենք աջակցել»,- ասաց նա։
Դեսպանի խոսքով ցանկացած բռնության կիրառում, ցանկացած սադրիչ գործողություն խաթարում է խաղաղության գործընթացը, մենք փորձում ենք առաջ շարժվել, փորձում ենք ջանքեր գործադրել խաղաղության գործընթացն առաջ տանելու ուղղությամբ։
Հարցին, թե արդյոք այն, ինչ տեղի է ունենում Արցախի ժողովրդի նպատմամբ չենք կարող բնորոշել հենց որպես ցեղասպանություն, դեսպանը պատասխանեց. «Այս պահին ես նման որակավորում տալու որևէ իրավասություն չունեմ»:
Ինչ վերաբերում է ԱՄՆ կողմից Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությանը, Քրիստինա Քուինն ասաց. «Այս պահին ԱՄՆ կողմից Ադրբեջանի նկատմամբ կիրառված պատժամիջոցներ չկան, իսկ թե ինչ կանենք մենք ապագայում, այդ մասին ես չեմ կարող որևէ մեկնաբանություն տալ»:
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում է՝ «Լաչինի միջանցք»-ում: Դեպքից հետո ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի հրատապ նիստ։
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 23-ին՝ ժամը 12:00-ին, Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանային ծառայությունը «Հայաստանի հետ սահմանին» տեղադրել է սահմանային անցակետ։
Արցախի Անվտանգության խորհուրդը դիմել է եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես Ռուսաստանի Դաշնությանը՝ անհապաղ քննարկումներ սկսելու Արցախի շրջափակման վերացման, ադրբեջանական անցակետի տեղադրման կանխարգելման և Արցախի ժողովրդի անվտանգության իրական երաշխիքների ապահովման շուրջ։
ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղ գործընթացի նկատմամբ վստահության հաստատման ջանքերը: