armeniasputnik.am: Արցախահայությունն էթնիկ զտման վտանգի առջև է կանգնած։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի նոր երթուղու մուտքի մոտ Ադրբեջանի կողմից հսկիչ-անցագրային կետի ստեղծմանը։
«Սա պետք է մտահոգիչ լինի ոչ միայն մեզ համար, այլ միջազգային հանրության։ Ես փորձում եմ ամեն կերպ բարձրաձայնել այդ խնդիրները բոլոր դերակատարների հետ քննարկումների շրջանակներում։ Սակայն այս հարցում բոլորս մեր ջանքերը պետք է մեկտեղենք»,- ասաց Մանասյանը։
Ինչ վերաբերում է Տեղ համայնքում ստեղծված իրավիճակին, ապա ՄԻՊ-ը նշեց, որ այնտեղ շատ լուրջ խնդիրներ կան քաղաքացիների կյանքի, ֆիզիկական անձեռնմխելիության տեսանկյունից։ Մանասյանի խոսքով միջազգային գործընկերների հետ հանդիպման շրջանակում որպես առաջնահերթ խնդիր արծարծում է այս հարցը։
«Պետական մարմինների համար փաստաթղթեր են նախապատրաստվում, որ համատեղ ուժերով կարողանանք խնդրին լուծում տալ։ Փորձել եմ նաև խնդրի լուծման առաջարկներ գտնել և առաջիկայում դրանք կներկայացնեմ պետական մարմիններին։ Բացի այդ, միջազգային հանրությունը պետք է հստակ գնահատականներ տա»,- ասաց պաշտպանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում է՝ «Լաչինի միջանցք»-ում: Դեպքից հետո ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի հրատապ նիստ։
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 23-ին՝ ժամը 12:00-ին, Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանային ծառայությունը «Հայաստանի հետ սահմանին» տեղադրել է սահմանային անցակետ։
Արցախի Անվտանգության խորհուրդը դիմել է եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես Ռուսաստանի Դաշնությանը՝ անհապաղ քննարկումներ սկսելու Արցախի շրջափակման վերացման, ադրբեջանական անցակետի տեղադրման կանխարգելման և Արցախի ժողովրդի անվտանգության իրական երաշխիքների ապահովման շուրջ։
ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղ գործընթացի նկատմամբ վստահության հաստատման ջանքերը:
Լուսանկարը՝ «Սպուտնիկ Արմենիա»-ի