Ադրբեջանի ԱԳՆ․ «Հայաստանը Պրահայում և Սոչիում ինքն է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը» |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի արտգործնախարարությունը կիրակի երեկոյան, հակադարձելով Հայաստանի դիվանագիտական գերատեսչության հայտարարությանը, պնդել է, որ Լաչինում անցակետի տեղադրումը միանգամայն օրինական է։

«Հայաստանի հետ սահմանին հսկիչ-անցագրային կետ տեղադրելու Ադրբեջանի որոշումն օրինական է և համապատասխանում է միջազգային իրավունքի բոլոր նորմերին։ Առավել ևս, որ Պրահայում և Սոչիում կայացած հանդիպումների ընթացքում Հայաստանն ինքն է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,- նշված է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարության մեջ։

Դիվանագիտակ գերատեսչությունում նշում են, որ «ելնելով այդ հանգամանքից, Հայաստանի պետք է հարգի և ընդունի Ադրբեջանի՝ սեփական տարածք ելումուտը վերահսկելու իրավունքը»։

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում է՝ «Լաչինի միջանցք»-ում: Դեպքից հետո ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի հրատապ նիստ։

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 23-ին՝ ժամը 12:00-ին, Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանային ծառայությունը «Հայաստանի հետ սահմանին» տեղադրել է սահմանային անցակետ։ 

Արցախի Անվտանգության խորհուրդը դիմել է եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես Ռուսաստանի Դաշնությանը՝ անհապաղ քննարկումներ սկսելու Արցախի շրջափակման վերացման, ադրբեջանական անցակետի տեղադրման կանխարգելման և Արցախի ժողովրդի անվտանգության իրական երաշխիքների ապահովման շուրջ։

ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղ գործընթացի նկատմամբ վստահության հաստատման ջանքերը: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն