Հակարիի կամրջի վրա ադրբեջանական անցակետի տեղադրումը նոր լայնածավալ գործողության սկիզբ կարող է լինել. Բրունո Ռետայո |1lurer.am|

1lurer.am: Ապրիլի 22-ից 25-ը Հայաստանում է Ֆրանսիայի Սենատի ղեկավար Բրյունո Ռետայոյի գլխավորած պատվիրակությունը՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին: Պատվիրակության անդամները մեկնել են Տեղ գյուղ, որտեղ ապրիլի 11-ին փոխհրաձգություն է տեղի ունեցել:

«Մենք ժամանել ենք՝ Ադրբեջանից պահանջելու անհապաղ վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը, ազատելու 120 000 հայերին, որ Լեռնային Ղարաբաղում հայտնվել են սարսափելի պայմաններում, նաև այստեղ ենք՝ պահանջելու վերականգնել Հայաստանի հետ ԼՂ կապը:

Ինչ իմաստ ունի 1915 թ. զոհերի հիշատակի ոգեկոչումը, եթե մենք աչք ենք փակելու ԼՂ-ում տեղի ունեցող էթնիկ ու կրոնական զտման վրա»,- հայտարարել է Ռետայոն՝ Տեղում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Նա նշել է՝ վտանգ կա, որ ադրբեջանական զորքերի կողմից դեպի ԼՂ տանող նոր ճանապարհի մուտքի մոտ՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող Հակարիի կամուրջի վրա, նոր վերահսկիչ անցակետի տեղադրումը նոր լայնածավալ գործողության սկիզբ է, որը կհանգեցնի Լաչինի միջանցքի մշտական փակման:

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում է՝ «Լաչինի միջանցք»-ում: Դեպքից հետո ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի հրատապ նիստ։

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 23-ին՝ ժամը 12:00-ին, Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանային ծառայությունը «Հայաստանի հետ սահմանին» տեղադրել է սահմանային անցակետ։ 

Արցախի Անվտանգության խորհուրդը դիմել է եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես Ռուսաստանի Դաշնությանը՝ անհապաղ քննարկումներ սկսելու Արցախի շրջափակման վերացման, ադրբեջանական անցակետի տեղադրման կանխարգելման և Արցախի ժողովրդի անվտանգության իրական երաշխիքների ապահովման շուրջ։

ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղ գործընթացի նկատմամբ վստահության հաստատման ջանքերը:

Ֆրանսիան դատապարտել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի նոր ճանապարհի սկզբնամասում անցակետի տեղադրումը, որը հակասում է հրադադարի համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին և վնաս է հասցնում բանակցային գործընթացին։

Իսկ ՌԴ ԱԳՆ-ն «կողմերին կոչ է արել անհապաղ վերադառնալու առկա պայմանավորվածություններին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով