ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել է Արցախի անկախությունը ճանաչող բանաձևի նախագիծը |news.am|

news.am: ԱՄՆ դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը երկուշաբթի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ է ներկայացրել Արցախի անկախությունը ճանաչող բանաձևի նախագիծ: Այս մասին նա հայտնեց news.am-ի հետ զրույցում՝ հավելելով, որ բանաձևը ոչ միայն կոչ է անում ճանաչելու Արցախի անկախությունը, այլև սանկցիաներ կիրառելու Ադրբեջանի նկատմամբ։

«Մենք պետք է նաև աջակցենք պատերազմական հանցագործությունների հետաքննությանը և հետապնդենք, որ պատասխանատվության ենթարկվեն նրանք, ովքեր պատասխանատու են բռնաբարությունների, սպանությունների, մահացած հայերի մարմինները պղծելու և միջազգային իրավունքի խախտմամբ գերիներին ազատ չարձակելու համար։ Սա է այն ամենը, ինչին Միացյալ Նահանգները և միջազգային հանրությունը պետք է հետամուտ լինեն»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն պետք է ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, հանուն փրկության նրա անջատման անհրաժեշտությունը և դադարեցնի Ադրբեջան օգնություն ուղարկելը:

Բանաձևի նախագծում ընդգծված է, որ Արցախի անկախությունը հռչակվել է ՄԱԿ-ի կողմից ամրագրված ինքնորոշման իրավունքին և 1991 թվականին անցկացված հանրաքվեի արդյունքներին համապատասխան:

Փաստաթուղթը դատապարտում է Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակումը, Ադրբեջանի կողմից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ չհրահրված հարձակումները և կոչ է անում Բաքվին առանց նախապայմանների վերջ տալ շրջափակմանն ու Հայաստանի և Արցախի դեմ ագրեսիային:

Միացյալ Նահանգների վարչակազմին նախագիծը կոչ է անում դադարեցնելու ռազմական օգնությունը Ադրբեջանին՝ դրանով իսկ այդ երկրի վարչակազմի համար հստակեցնելով, որ հետագա հարձակումները Հայաստանի և Արցախի դեմ կհանգեցնեն պատժամիջոցների և այլ միջոցների:

Բանաձևի նախագծում ընդգծված է աջակցությունը Միացյալ Նահանգների ժողովրդավարական գործընկեր Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ ընդդեմ Ադրբեջանի կողմից հարձակումների և միջազգային օրենքների ու նորմերի աղաղակող խախտումների:

Փաստաթուղթը նաև սատարում է Հայաստանում և Արցախում ադրբեջանական ագրեսիայից տուժածներին ամերիկյան և միջազգային մարդասիրական օգնության ծրագրերը:

Նշենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի հիմնադիր համանախագահ Ֆրենկ Փալոնը և Ջոշ Գոթհայմերը այս բանաձևի համահեղինակներն են:

Ավելի վաղ Շիֆը հայտնել էր նախագիծ ներկայացնելու մտադրության մասին՝ նաև նշելով․ «Ես չափազանց մտահոգված եմ, որ Ադրբեջանը հերթական պատերազմն է ծրագրում Արցախի դեմ, հերթական պատերազմը հենց Հայաստանի դեմ, և կարծում եմ, որ սա հզոր ուղերձ կլինի Բաքվի դիկտատորին, որ երկկուսակցական հիմունքներով Կոնգրեսը սատար կկանգնի Արցախի ժողովրդի իրավունքներին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով