ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի փոխնախագահ Ադամ Շիֆը Կոնգրես կներկայացնի օրինագիծ, որով կոչ է արվում ճանաչելու Արցախի անկախությունը և ինքնիշխանությունը, ինչպես նաև դատապարտելու Ադրբեջանի ագրեսիան:
Այս մասին կոնգրեսականը հայտնել է «Ասպարեզ»-ին տված հարցազրույցում:
«Վաղն առավոտյան ես կներկայացնեմ օրինագիծ՝ ճանաչելու Արցախը, Արցախի անկախությունը և ինքնիշխանությունը: Սրանով ԱՄՆ-ն պաշտոնապես կճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
Ես չափազանց մտահոգված եմ, որ Ադրբեջանը հերթական պատերազմն է ծրագրում Արցախի դեմ, հերթական պատերազմը հենց Հայաստանի դեմ, և կարծում եմ, որ սա հզոր ուղերձ կլինի Բաքվի դիկտատորին, որ երկկուսակցական հիմունքներով Կոնգրեսը սատար կկանգնի Արցախի ժողովրդի իրավունքներին»,- ասել է Շիֆը:
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում է՝ «Լաչինի միջանցք»-ում: Դեպքից հետո ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի հրատապ նիստ։
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 23-ին՝ ժամը 12:00-ին, Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանային ծառայությունը «Հայաստանի հետ սահմանին» տեղադրել է սահմանային անցակետ։
Արցախի Անվտանգության խորհուրդը դիմել է եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես Ռուսաստանի Դաշնությանը՝ անհապաղ քննարկումներ սկսելու Արցախի շրջափակման վերացման, ադրբեջանական անցակետի տեղադրման կանխարգելման և Արցախի ժողովրդի անվտանգության իրական երաշխիքների ապահովման շուրջ։
ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղ գործընթացի նկատմամբ վստահության հաստատման ջանքերը:
comment.count (0)