Բրիտանիան առաջարկել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել Սուդանի իրավիճակի հետ կապված |news.am|

news.am: Մեծ Բրիտանիան առաջարկել է երեքշաբթի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել Սուդանի իրավիճակի հետ կապված, Անվտանգության խորհրդի նիստում ասել է Բրիտանիայի՝ ՄԱԿ-ում կից մշտական ներկայացուցիչ Բարբարա Վուդֆորդը։

«Ես կցանկանայի անհանգստություն հայտնել Սուդանում իրավիճակի առիթով եւ կրկնել բռնությունն անհապաղ դադարեցնելու կոչը»,- ասել է Վուդֆորդը։

«Մենք Անվտանգության խորհրդի նիստ ենք առաջարկել վաղը՝ քննարկելու այդ իրավիճակը»,- ավելացրել է նա։

Սուդանում ապրիլի 15-ից  մարտեր են ընթանում արագ արձագանքման ուժերի (ԱԱՈւ, Մուհամադ Համդան Դագլոյի գլխավորությամբ) եւ կանոնավոր բանակի միջեւ։ Սուդանում դիմակայող ուժերը հակասական հայտարարություններ են տարածել մարտական գործողություններում հաջողությունների եւ օբյեկտների վերահսկողության մասին՝ ծավալուն տեղեկատվական պատերազմ վարելով ԶԼՄ-ներում եւ սոցցանցերում։ Ուրբաթ օրը երկու կողմերը հրադադար էին հայտարարել մուսուլմանական Իդ ալ-Ֆիթր տոնի առիթով։ Կողմերը հայտարարել են, որ պատրաստ են այն պահել երեք օր։

Սուդանի առողջապահության նախարարի տվյալներով՝ երկրում բախումների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 600-ի։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մարգարեթ Հարիսը ՄԱԿ-ի ժնեւյան ամենշաբաթյա ճեպազրույցում անցած ուրբաթ տեղեկացրել էր, որ զոհվել է 413 մարդ, 3 551 հոգի՝ վիրավորվել։ Սուդանի բժիշկների արհմիության տեղեկատվությամբ՝ բախումների սկզբից մինչ այժմ զոհվել է 256 խաղաղ բնակիչ, եւս 1 454 մարդ տուժել է։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով