news.am: ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մենք հարգում ենք 1,5 միլիոն հայերի հիշատակը, որոնք համակարգված ձևով սպանվել են Օսմանյան կայսրության կողմից։
Անչափ հպարտ եմ, որ ղեկավարել եմ Սենատի ճանաչումը, և որ ԱՄՆ նախագահը միացել է մեզ՝ հաստատելով այս գերագույն չարիքի փաստերը»:
Նա անդրադարձել է նաեւ Լաչինի միջանցքի փակմանը՝ նշելով. «Քանի որ մենք կանգնած ենք աշխարհասփյուռ հայ համայնքի կողքին, մենք մեր ուշադրությունն ենք դարձնում Լեռնային Ղարաբաղի վրա: Ես դատապարտում եմ Ադրբեջանի Լաչինի միջանցքի անցակետը, որը սպառնում է սրել Լեռնային Ղարաբաղի հայերի սուր հումանիտար ճգնաժամը։ Ժամանակն է դադարեցնել Բաքվին անվտանգության աջակցությունը»:
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում է՝ «Լաչինի միջանցք»-ում: Դեպքից հետո ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի հրատապ նիստ։
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 23-ին՝ ժամը 12:00-ին, Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանային ծառայությունը «Հայաստանի հետ սահմանին» տեղադրել է սահմանային անցակետ։
Արցախի Անվտանգության խորհուրդը դիմել է եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես Ռուսաստանի Դաշնությանը՝ անհապաղ քննարկումներ սկսելու Արցախի շրջափակման վերացման, ադրբեջանական անցակետի տեղադրման կանխարգելման և Արցախի ժողովրդի անվտանգության իրական երաշխիքների ապահովման շուրջ։
ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղ գործընթացի նկատմամբ վստահության հաստատման ջանքերը:
Ֆրանսիան դատապարտել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի նոր ճանապարհի սկզբնամասում անցակետի տեղադրումը, որը հակասում է հրադադարի համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին և վնաս է հասցնում բանակցային գործընթացին։
Իսկ ՌԴ ԱԳՆ-ն «կողմերին կոչ է արել անհապաղ վերադառնալու առկա պայմանավորվածություններին»։