Գեներալ Վոլկովի մասնակցությամբ, շարունակվում են Հակարիի կամուրջը բացելու շուրջ բանակցությունները |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի մասնակցությամբ, շարունակվում են Հակարիի կամուրջը բացելու շուրջ բանակցությունները։

Ռուսներն առանձին քննարկումներ են անցկացնում և՛ ադրբեջանական, և՛ արցախյան կողմերի հետ, տեղեկացրել է Արցախի խորհրդարանի իշխող խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը։

Արդեն 3-րդ օրը շարունակվող բանակցությունները, սակայն, ըստ նրա, դեռևս արդյունք չեն տվել։

Հիշեցնենք, որ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր՝ ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցք»-ում:
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտնել էր, թե «Հայաստանի հետ սահմանին» սահմանային անցակետ են տեղադրել։ 

Արցախի Անվտանգության խորհուրդը միաձայն հայտարարություն էր ընդունել՝ դիմելով Եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես Ռուսաստանի Դաշնությանը՝ անհապաղ քննարկումներ սկսելու Արցախի շրջափակման վերացման, ադրբեջանական անցակետի տեղադրման կանխարգելման և Արցախի ժողովրդի անվտանգության իրական երաշխիքների ապահովման շուրջ։

ՀՀ ԱԳՆ-ն ևս հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրման վերաբերյալ՝ կոչ անելով ՌԴ-ին «ի վերջո կատարել եռակողմ հայտարարության 6-րդ կետով ստանձնած պարտավորությունը»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն