hetq.am: Ուկրաինայի տարածքում մոտ 700 000 մարդ Կախովկայի հէկ-ի ամբարտակի ավերումից հետո զրկվել է խմելու ջրի հասանելիությունից։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսը։
Գրիֆիթսն ընդգծել է, որ հիմա առաջնային խնդիրը հանդիսանում է ջրհեղեղից տուժածների փրկությունը, սակայն Կախովկայի հէկ-ի ամբարտակի փլուզումը կունենա երկարաժամկետ հետևանքներ։ Մասնավորապես, գյուղատնտեսական շրջաններում ջրհեղեղը կբերի հացահատկի արտահանման կրճատմանը, ինչն էլ կհանգեցնի ամբողջ աշխարհում սննդամթերքի գների բարձրացմանը և միլիոնավոր կարիքավորների համար սննդի քանակի նվազմանը։
Գրիֆիթսը նաև նշել է, որ հեղեղվել են այնպիսի շրջաններ, որոնք ականապատված են։ Նրա խոսքով՝ դա սպառնալիք է հանդիսանում խաղաղ բնակչության համար, քանի որ ջուրը կարող է ականները տեղափոխել բնակելի վայրեր։
Նա նաև հավելել է, որ ՄԱԿ-ը, հիմնականում ուկրաինական կազմակերպությունների միջոցով, կարողացել է օգնել այդ հատվածներում բնակվող 30 000 մարդու, որոնք գտնվում են ուկրաինական վերահսկողության ներքո։ Միևնույն ժամանակ Ռուսաստանը կազմակերպությանը չի տրամադրել հասանելիություն՝ բռնազավթված տարածքների բնակչությանն օգնություն տրամադրելու համար։