Հաշվի առնելով, որ այսօր ՀՀ-ում պետական խորհրդանիշների օրն է՝ Ադրբեջանը փորձել է կրկին ի ցույց դնել իր սադրիչ էությունը. Պապիկյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 15-ին Ադրբեջանի հերթական ագրեսիան կապում է նաև օրվա հետ. Հայաստանում նշվում է պետական խորհրդանիշների օրը, և հակառակորդը փորձել է սրանով ևս մեկ անգամ ցույց տալ իր սադրիչ էությունը:

ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը խնդրեց ներկայացնել վերջին օրերի ընթացքում ադրբեջանական հերթական գործողությունների նպատակը՝ թե Երասխում, թե Տեղում, թե Հակարի կամրջին:

Նախարարն ակնհայտ համարեց, որ այն ամենը, ինչ կատարվում է թե տեղեկատվական դաշտում, թե հետո՝ իրական հողի վրա, նպատակ ունի իրավիճակը սրելու կամ ցույց տալու, թե հայկական կողմը ունի ապակառուցողական դիրքավորում և մշտապես խախտում է հրադադարի ռեժիմը: 

 

«Այսօրվա դիպվածն առավել ևս կապում եմ նաև այսօրվա օրվա հետ: Հաշվի առնելով, որ այսօր ՀՀ-ում նշվում է պետական խորհրդանիշների օրը՝ իրենք փորձել են այս ձևով ևս մի անգամ ի ցույց դնել իրենց սադրիչ էությունը: Բայց ի պատիվ մեր սահմանապահների գործողությունների՝ նրանց նպատակը չի իրականացել: Ցավոք, դիպուկահարի կրակոցից կա մեկ վիրավոր: Իրենք նույնպես հայտնել են վիրավորի մասին»,-ասաց Պապիկյանը:

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հունիսի 15-ին կրակ էին բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ: Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով վիրավորում է ստացել ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայողը: Նույն օրը ադրբեջանական զինված ուժերը Կապանի հատվածում տեղակայված հայկական դիրքի վրա կիրառել էին դրոն-ԱԹՍ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն