Կաթողիկոսը ԵԽ պատգամավորին երախտագիտություն հայտնեց Լաչինի միջանցքի արգելափակումը դատապարտող բանաձևերի ընդունման համար

Հունիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ընդունեց Եվրոպական խորհրդարանի նիդերլանդացի պատգամավոր Բերտ-Յան Ռուիսենին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից:

Հանդիպմանն ի դեմս պատգամավոր Բերտ-Յան Ռուիսենի՝ Նորին Սրբությունն իր երախտագիտությունը հայտնեց Նիդերլանդների խորհրդարանին Հայոց ցեղասպանության ճանաչման և Լաչինի միջանցքի արգելափակումը դատապարտող բանաձևերի ընդունման համար։

Անդրադառնալով Արցախի շրջափակմանը և դրա հետևանքով ստեղծված աղետալի իրավիճակին, ինչպես նաև հայկական հոգևոր, մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին՝ Հայոց Հովվապետը կարևորեց միջազգային հանրության հստակ ու հետևողական քայլերի գործադրումը ադրբեջանական ագրեսիայի կանխման և արցախահայության առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ։

Վեհափառ Հայրապետը նաև իր գնահատանքը բերեց ԵԽ նիդերլանդացի պատգամավոր Բերտ-Յան Ռուիսենին քրիստոնյա փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության գործում ներդրած ջանքերի համար։

Պատգամավոր Բերտ-Յան Ռուիսենը, դատապարտելով Ադրբեջանի որդեգրած ծավալապաշտական քաղաքականությունը, պատրաստակամություն հայտնեց աջակցություն ցուցաբերելու Հայասատանի ու Արցախի անվտանգության և հոգևոր, մշակութային ժառանգության պահպանման խնդիրների դիմագրավման հարցում։

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Նիդերլանդների հայկական համայնքի գործունեությանը, ինչպես նաև Քույր Եկեղեցիների հետ առկա գործակցությանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով