tert.am: Երևանի որոշ վարչական շրջաններում և թաղամասերում սրվել է աղբահանության խնդիրը, խախտվել է աղբահանության ժամանակացույցը, աղբամանները գերբեռնված են ու առկա են կուտակումները: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասել է քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:
«Ամեն ինչ արել ենք, որպեսզի թույլ չտանք խորանալու պրոցեսը, և բոլոր ռեսուրսները մոբիլիզացնելով` մաքրել: Այս պահին դեռևս վիճակը բարվոք չէ, բայց հիմնական պատճառը տեխնիկան է:
Անձամբ եղել եմ ԵԱՍՄ հիմնարկի պարկում, այն, ինչ նկատելի է, առանձին քննարկման առարկա է: Պետք է պահանջել տնօրինությունից, որ ժամանակացույց սահմանվի փչացած տեխնիկան վերադարձնելու երթուղիներ: Պատճառները տարբեր են, մտահոգությունը մեկն է, որ այդ հիմնարկում պետք է խստացվի տեխնիկայի շահագործման նկատմամբ հսկողությունը»,- ասել է նա
Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ասել է.
«Պատճառները պարզ են։ Սկսած տեխնիկայից․ այն տեխնիկան որը ձեռք է բերվել, ենթադրվում է, որ պետք է 10 տարի ծառայեր, և այս փչանալու ցուցանիշը մեծ մտահոգությունների առիթ է տալիս, սա ահազանգ է, որ այս տեխնիկայով հեռու չենք գնալու: Մենք ունենք 4 հավելյալ մեքենա, որ պետք է դուրս գա փողոցներ»: