ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության նիստի սկզբում ներկայացրեց Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքները՝ նշելով, որ շատ կոնկրետ արդյունքներ չի կարող ներկայացնել, այսուհանդերձ, բանակցային գործընթացը պետք է շարունակվի հնարավորինս ինտենսիվ և պետք է փոխադարձ ընդունելի լուծումներ գտնելու ուղղությամբ ակտիվ ջանքեր գործադրվեն։
Նրա խոսքով քննարկված հարցերից էր Հայաստանի ու Ադրբեջանի կողմից միմյանց 29 800 և 86 600 քառ․ կմ տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերահաստատումը։
«Սահմանների դելիմիտացիան պետք է տեղի ունենա 1991թ․ Ալմաթիի հռչակագրի հիման վրա, և առաջիկայում մենք պետք է կոնկրետացնենք սահմանագծման աշխատանքների քարտեզագրական հիմքը։
Տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, ինչպես նշված է ԵՄ խորհրդի նախագահի հայտարարության մեջ, պետք է տեղի ունենա կողմերի ինքնիշխանության, իրավազորության և հավասարության սկզբունքի հիման վրա»,- ասաց Փաշինյանը։
Ինչ վերաբերում է հումանիտար հարցերին, ապա, Փաշինյանի խոսքով, Ադրբեջանը շարունակում է դրժել միջազգային գործընկերներին այս թեմայով իր տված խոստումները․ «Բայց մենք անհոգնել պիտի շարունակենք աշխատանքը գերիների վերադարձի և անհետ կորած համարվող անձանց ճակատագրի պարզաբանման ուղղությամբ»։
ՀՀ վարչապետն ընդգծեց, որ այս պահին խնդիրը ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի վրա ավելի մեծ միջազգային ուշադրություն հրավիրելն է՝ դիվանագիտական եղանակներով և ԼՂ-ում հաստատված իրավիճակը միջազգային մամուլում և սոցցանցերում հնարավորինս լայնորեն և օբյելկտիվ ներկայացնելու միջոցով։
«Այս ընթացքում ավելի է սրվել Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու անհրաժեշտությունը։ Միևնույն ժամանակ, Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջազգային մեխանիզմի ձևավորումը, իրավիճակի հաղթահարման ամենակառուցողական սցենարն է, և պետք է բոլոր ջանքերը գործադրել այս ուղղությամբ»,- եզրափակեց Փաշինյանը։