Ադրբեջանը խոչընդոտում է հումանիտար բեռների մուտքը Լաչինի միջանցք ու ԼՂ: Այս մասին կառավարության այսօրվա նիստի սկզբին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանի կողմից Կոռնիձորով Արցախ հումանիտար բեռ ուղարկելու փորձին, որին, սակայն, Ադրբեջանը մինչև այժմ համաձայնություն չի տվել։
«Այս գործելակերպն անհասկանալի է ու անընդունելի։ Ադրբեջանի՝ Լաչինի միջանցքը արգելափակելու պատճառաբանությունն այն էր, որ միջանցքն օգտագիրծվում է ռազմական նպատակներով, սա, իհարկե, անհեթեթ պնդում է»,- ասաց ՀՀ վարչապետը։
Փաշինյանը հիշեցրեց, որ Երեւանից շարժվելուց առաջ ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրա դիվանագետները ծանոթացել են բեռնատարների պարունակությանը․ «Ինչու ուրեմն Ադրբեջանը թույլ չի տալիս այդ բեռների մուտքը ԼՂ, մի՞թե ոչ այն պատճառով, որ Ադրբեջանի իրական նպատակը ԼՂ ժողովրդին սովի մատնելն է, ցդղասպանության ենթարկելը»։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ՀՀ-ն սպասում է ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի, պաշտոնական Բաքվի դրական արձագանքին․ «Անկախ մեր գնահատականներից՝ մենք սպասում ենք ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի, պաշտոնական Բաքվի դրական արձագանքին, որովհետեւ հումանիտար բեռի թույլ չտալը ընդամենը կհաստատի Լեռնային Ղարաբաղում ցեղասպանություն իրականացնելու Բաքվի մտադրության մասին մտավախությունները։ Լաչինի միջանցքի մոտ սպասող հումանիտար բեռների մուտքը ԼՂ, ընդհակառակը, կնպաստի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերին, դրական քայլ կլինի վստահության մթնոլորտի հաստատման ճանապարհին»։
Հիշեցնենք, որ երեկ մարդասիրական օգնությամբ բեռնված երկու տասնյակ բեռնատար 400 տոննա հումանիտար օգնություն հասցվեց մինչև Կոռնիձոր, որտեղից ռուս խաղաղապահների միջոցով պետք է փոխանցվեր արդեն 227 օր շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, սակայն Ադրբեջանը մինչ այս պահը թույլ չի տալիս հումանիտար բեռների մուտքը Արցախ։
Մինչ բեռնատարների շարժվելը, դրանք բացվեցին Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետական ներկայացուցչությունների պատվիրակների ներկայությամբ՝ ցույց տալու, որ բեռնատարները բեռնված են բացառապես հումանիտար օգնությամբ։
Ադրբեջանի ԱԳՆ-ն «սադրանք» որակեց Կոռնիձորով Արցախ հումանիտար օգնություն ուղարկելու փորձը՝ «ՀՀ-ից պահանջելով դադարեցնել նմանօրինակ սադրանքները»։ «Հայկական կողմը առանց մեր երկրի հետ համաձայնության «մարդասիրական բեռի» անվան տակ ավտոշարասյուններ է ուղարկում Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ, դա հարձակում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ ու հերթական սադրանքն է Լաչինի սահմանային կետի դեմ»,-նշեցին Ադրբեջանի ԱԳՆ-ից։
Ադրբեջանական կողմը նաև շարունակում է պնդել, թե Արցախ հումաիտար բեռ կարող է տեղափոխվել Աղդամ-Ստեփանակերտ ճանապահով, ինչին, սակայն, հայկական կողմը դեմ է։