«Բացում»-ը կոչ է անում Կոռնիձորով հումանիտար բեռների մատակարարման փորձ իրականացնող դերակատարներին զերծ մնալ մարդասիրական բեռները Աղդամով Ստեփանակերտ փոխադրելուց

«Բացում» քաղաքացիական նախաձեռնությունը, հիմք ընդունելով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023թ․ փետրվարի 22-ի եւ հուլիսի 6-ին վերահաստատված իրավապարտադիր որոշումները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2022թ․ դեկտեմբերի 21-ի որոշումը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ 2023թ․ հունիսի 22-ի բանաձեւը, կոչ է անում՝

  • Կոռնիձորի ճանապարհով հումանիտար բեռների մատակարարման փորձ իրականացնող դերակատարներին՝ ՀՀ կառավարությանը, Արցախի կառավարությանը, ՀՀ ոստիկանությանը, ՍԴԾ-ին, Spayka ընկերությանը, զերծ մնալ ադրբեջանական ցեղասպան քաղաքականության թակարդում հայտնվելուց, այն է՝ մարդասիրական բեռները Ակնայով (Աղդամով) Ստեփանակերտ փոխադրելը,
  • բեռնափոխադրող SPAYKA ընկերությանը, ընկերության վարորդներին հորդորում ենք հրապարակային երաշխիքներ ստանալ ՀՀ կառավարությունից, որ բեռները շարժվելու են բացառապես Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով, քանի որ առկա են ռիսկեր, որ  խաբեությամբ կամ շանտաժով ձեզ կշեղեն ճանապարհից։ Հարկավոր է բացառել նաև ավտոմեքենաների ղեկը այլ վարորդներին տրամադրելուց,
  • կոչ ենք անում ԵՄ դիտորդներին, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին ցուցաբերել հետևողականություն Բերձորի միջանցքի ապաշրջափակման և վերագործարկման հարցում։

Զորակցում ենք Արցախի մեր 120,000 հայրենակիցներին, ովքեր շարունակում են հաստատակամ մնալ իրենց ինքնորոշման իրավունքի իրացմանը և մերժում են Ադրբեջանի կեղծ հումանիտար փորձերը՝ Ակնայից (Աղդամից) բեռներ ընդունել Արցախ, որոնք ոչ այլ ինչ են, քան ուժի եւ ուժի սպառնալիքի անմիջական կիրառման պայմաններում ինքնորոշված արցախահայությանը Ադրբեջանի կազմում բռնի ուժով ինտեգրելու ցեղասպանության քաղաքականության շարունակություն։

«Բացում» քաղաքացիական նախաձեռնությունը շարունակում է հավատարիմ մնալ Բերձորի (Լաչինի)  միջանցքով ՄԱԿ հայաստանյան գրասենյակի դիմաց հավաքագրված հումանիտար բեռների Արցախ փոխադրման, միջանցքի ապաշրջափակման, դրա անխափան գործելու երաշխիքների ձեռքբերման օրակարգին։

Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին երկու տասնյակ բեռնատար 400 տոննա հումանիտար օգնություն հասցրեց մինչև Կոռնիձոր, որտեղից ռուս խաղաղապահների միջոցով պետք է փոխանցվեր արդեն 228 օր շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, սակայն Ադրբեջանը մինչ այս պահը թույլ չի տալիս հումանիտար բեռների մուտքը Արցախ։ 

Մինչ բեռնատարների շարժվելը, դրանք բացվեցին Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետական ներկայացուցչությունների պատվիրակների ներկայությամբ՝ ցույց տալու, որ բեռնատարները բեռնված են բացառապես հումանիտար օգնությամբ, իսկ Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավարը դիտորդների հետ հետևեց բեռների՝ դեպի Լաչինի միջանցքի մուտք տանող ճանապարհի երթևեկությանը։

Ադրբեջանի ԱԳՆ-ն «սադրանք» որակեց Կոռնիձորով Արցախ հումանիտար օգնություն ուղարկելու փորձը՝ «ՀՀ-ից պահանջելով դադարեցնել նմանօրինակ սադրանքները»։ «Հայկական կողմը առանց մեր երկրի հետ համաձայնության «մարդասիրական բեռի» անվան տակ ավտոշարասյուններ է ուղարկում Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ, դա հարձակում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ ու հերթական սադրանքն է Լաչինի սահմանային կետի դեմ»,-նշեցին Ադրբեջանի ԱԳՆ-ից։

Ադրբեջանական կողմը նաև շարունակում է պնդել, թե Արցախ հումաիտար բեռ կարող է տեղափոխվել Աղդամ-Ստեփանակերտ ճանապահով, ինչին, սակայն, հայկական կողմը դեմ է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով