Ադրբեջանը համառորեն շարունակում է պնդել, թե Լաչինի միջանցքի փակման պատճառներից մեկը սույն թվականի հունիսի 15-ին հայկական կողմի ռազմական սադրանքն է։
Հիշեցնենք, որ այդ օրը Ադրբեջանը փորձել էր դրոշ տեղադրել Հակարիի կամրջի եզրին՝ Հայաստանի տարածքում՝ արժանանալով ՀՀ սահմանային ծառայության օրինական հակազդեցությանը․
«Հենց Ադրբեջանի վերը նշված արարքն է սադրանքը, առավել եւս այն պայմաններում, երբ երկու երկրների միջեւ սահմանագժման ու սահմանազատման գործընթացը դեռ մեկնարկի փուլում է։ Տարբեր տեղերում ինքնակամ եւ հաճախ ուժի կիրառմամբ դրոշներ դնելու Ադրնեջանի գործելակերպը սահմանազատումը եւ խաղաղ գործընթացը վիժեցնելու գործողության է նման»,- ասաց Փաշինյանը։
ՀՀ վարչապետը հիշեցրեց Իլհամ Ալիեւի՝ Եվրոնյուզին տված հարցազրույցը.
«Սա երեւաց նաեւ Եվրոնյուզին տված հարցազրույցում․ հայտարարելով, թե իբր Ադրբեջանը ՀՀ-ից տարածքային պահանջներ չունի, Ադրբեջանի նախագահն ասում է, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանները որոշված չեն։ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանները որոշվել են 1991 թվականի Ալմաթիի հռչակագրով եւ դա հաստատվել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հանդիպամն արդյունքներով, որտեղ Ալմաթիի հռչակագիրն ընդունվել է որպես 2 երկրների միջեւ սահմանազատման ու սահմանագծման հիմք։
Տպավորություն է ստեղծվում, թե Ադրբեջանի պլանը հետեւյալն է․ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Ալմաթիի հռչակագրով ֆիսված սահմանը վիճարկեու տեղ թողնող դրույթներով խաղաղության պայմանագիր կնքել, եւ հետագակում արդեն սահամազատման ու սահանագծման գործընթացում տարածքային պահանջներ ներկայացնել ՀՀ-ին։ Եթե երկրների միջեւ սահմանները որոշված չեն, ինչ տարածքների հարց է բարձրացնում Ադրբեջանը սահմանի տարբեր հատվածներում, եթե նման հարց բարձրացվում է, ուրեմն սահմանները որոշված են, իսկ այդ սահմանների գծից զորքերի հայելային հետքաշման ՀՀ առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը նշեց՝ «ի հեճուկս բոլոր բարդություների՝ մենք իսկապես երկարաժամկետ, կայուն ու տեւական խաղաղության հասնելու հնարավորություն ունենք»։
«Ադրբեջանին կոչ եմ անում զերծ մնալ այդ հնարավորությունը նվազեցնելուն ուղղված քայլերից, ինչպես օրինակ միջազգային մեխանիզմների շրջանակում Բաքու-Ստեփանակերտ երկխոսության շարունակական տորպեդահարումը, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը և շաբաթվա սկզբին Լաչինի միջանցքից Կարմիր խաչի կողմից Երեւան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանի առեւանգումը։ Վագիֆ Խաչատրյանի, մյուս գերիների, պատանդների, պահվող անձանց ազատ արձակելը խաղաղության օրակարգին հավատարմության հաստատման տպավորիչ արձանագրում կլիներ»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը, որպես խաղաղության օրակարգին նվիրվածության քայլ, կոչ արեց նաեւ չարգելափակել Հայաստանի ուղարկած մարդասիրական բեռի մուտքը ԼՂ Լաչինի միջանցքով, առավել եւս, որ բեռի անցումը խոչընդոտելը նոյեմբերի 9-ի ու արդարադատության միջազգային դատարանի որոշումների կոպիտ խախտում է։