ԼՂ-ում ապրող մարդիկ պետք է ընտրեն՝ ապրել որպես Ադրբեջանի քաղաքացի, որպես էթնիկ փոքրամասնություն, թե հեռանալ․ Իլհամ Ալիև
14:56 - 02 օգոստոսի, 2023

ԼՂ-ում ապրող մարդիկ պետք է ընտրեն՝ ապրել որպես Ադրբեջանի քաղաքացի, որպես էթնիկ փոքրամասնություն, թե հեռանալ․ Իլհամ Ալիև

2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարությունը իրականում կայուն խաղաղություն չէր ապահովում․ դա խաղաղության պայմանագիր չէր։ Այս մասին Եվրոնյուզ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ 

«Ես կարծում էի, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո իրավիճակն այլ է լինելու։ Մենք պատրաստ էինք խաղաղության և, փաստորեն, որոշ ժամանակ սպասում էինք, որ միջազգային խաղացողները նոր առաջարկներ անեն, բայց մենք հասկացանք, որ դա մի տեսակ անորոշ է։ Ոչ ոք չգիտեր, թե ինչ անել: Եվ իրավիճակը, որով մենք ունեինք 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարությունը, իրականում կայուն խաղաղություն չէր ապահովում։ Դա խաղաղության պայմանագիր չէր: Դա հռչակագիր էր»,- ասել է Աիլևը՝ հիշեցնելով, որ Ադրբեջանը առաջ քաշեց խաղաղության պայմանագրի հիմնական սկզբունքները՝ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, միջազգային սահմանների փոխադարձ ճանաչումը, սահմանների սահմանազատումը, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը:

Պատասխանելով հարցին, թե արդյոք իրատեսական են խաղաղության բանակցությունների հերթական փուլից հետո կայուն խաղաղության հասնելու հույսերը, Ալիևը ասել է, որ պետք է հույս ունենալ [կայուն խաղաղության]։

Նա ընդգծել է, որ խաղաղության բանակցությունները իրականացվում են արտգործնախարարների մակարդակով, իսկ ինքը [Իլհամ Ալիևն] և ՀՀ վարչապետը հանդիպել են Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ։

«Խաղաղության պայմանագրի կետերի վրա հիմնական կենտրոնացումը կատարվում է արտգործնախարարների կողմից։ Ես կարծում եմ՝ մեր հանդիպումները պարզապես ստեղծում են լավ մթնոլորտ»,- ասել է նա։ 

Ինչ վերաբերում է բանակցությունների ընթացքին, Ալիևի խոսքով՝ դրանք թույլ են տալիս «շոշափել զգայուն հարցեր», ինչպես օրինակ՝ սահմանազատման և սահմանագծման հետ կապված հարցեր, քանի որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանը դեռ որոշված չէ։ 

«Ինչպիսի՞ն կլինի սահմանը: Ինչպիսի՞ն կլինի հաղորդակցությունների [բացման] հետ կապված իրավիճակը։ Որովհետև Հայաստանը Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո պարտավորություն է ստանձնել՝ թույլ տալ մեզ մուտք գործել մեր էքսկլավային Նախիջևան, բայց, այնուամենայնիվ, դա տեղի չի ունենում․․․«Եթե մենք տեսնենք հայկական կողմից կառուցողական մոտեցում, և եթե նրանք լիարժեք մի կողմ դնեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վիճարկելու իրենց ձգտումները, այդ ժամանակ մենք կարող ենք գտնել խաղաղ լուծում շատ արագ, անգամ մինչև տարեվերջ»,- ասել է Ալիևը։ 

Անդրադառնալով ԵՄ միջնորդության մասին հարցին և թե ինչ նոր բան են նրանք բերել բանակցություններին, Իլհամ Ալիևը նշել է՝ հաշվի առնելով Ադրբեջանի և ԵՄ-ի, Հայաստանի և ԵՄ-ի համագործակցության մակարդակը, ԵՄ-ի կողմից բանակցություններում ակտիվ լինելը բնական է։ Ալիևի խոսքով՝ հատկապես Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, երբ Մինսկի խումբը չէր գործում և փաստորեն, այն այլեւս չի գործում, ինչ-որ միջազգային ինստիտուտ պետք է լիներ։

«Ես մտածում էի, որ ԵՄ-ն կարող է լավագույնը լինել, քանի որ ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, վստահության և շահի վրա։ Այսպիսով, այս նախաձեռնությունն այժմ վերածվում է երկխոսության շատ ակտիվ ձևաչափի»,- ասել է Ալիևը՝ հիշեցնելով, որ ԵՄ միջնորդությամբ հանդիպումները միայն Բրյուսելում չեն լինում, այդպիսի հանդիպում է եղել նաև, օրինակ, Քիշնևում․ «Կարծում եմ՝ դա կարևոր է, քանի որ մենք թույլ չենք տալիս, որ իրավիճակը լճանա, որովհետև եթե իրավիճակի լճացում լինի, եթե նորից նրանց [հայկական կողմի] հետ կապը խզվի, ապա  չկան երաշխիքներ, որ վտանգավոր սցենարներ չեն լինի»։

Հայ-ադրբեջանական բանակցություններում ՌԴ միջնորդական դերի մասին խոսելիս Ալիևը հիշեցրել է, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ին հրադադարի հայտարարության միջնորդը հենց Ռուսաստանն էր․ 

«Դա ԱՄՆ-ն կամ ԵՄ-ն չէին: Հայ գործընկերոջս [Նիկոլ Փաշինյանի] հետ մեր առաջին հանդիպումները կազմակերպել էր Ռուսաստանը։ Ռուս-ուկրաինական պատերազմից հետո իրավիճակը փոխվել է։ Սկսեցինք տեսնել, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան ակտիվացան։ Մեզ համար իրականում էական տարբերություն չկա, թե ով է կառաջնորդի բանակցային գործընթացը կամ ով ինչ-որ չափով կմենաշնորհի այն։ Կարևոր է հասնել արդյունքի։ Որ դերակատարը հանդես գա խաղաղության համաձայնագրի հանգեցնող նախաձեռնություններով, մենք կաջակցենք դրանց։ կարող է հանդես գալ նախաձեռնություններով, որոնք կհանգեցնեն խաղաղության համաձայնագրի, մենք կաջակցենք դրան․․․ Իհարկե, մենք հասկանում ենք աշխարհաքաղաքական որոշակի մրցակցությունները, որոշ խաղացողների՝ ավելի ակտիվ լինելու փորձերը։ Մենք կարող ենք ընդունել միայն այն դեպքում, եթե լինի առողջ մրցակցություն, որը դրական արդյունքների կհանգեցնի»:

Լրագրողը հետաքրքվել է նա Լաչինի իջանցքում այժ տիրող իրավիճակով, ինչին ի պատասխան Իլհամ Ալիևը պնդել է, թե Լաչինի միջանցքը երբևէ փակ չի եղել ազատ տեղաշարժի համար։ 

Հիշեցնելով հունիսի 15-ին տեղի ունեցած միջադեպը, Ալիև նշել է, թե այդ միջադեպից հետո որոշ ժամանակ հետաքննության համար ճանապարհը փակվել է, իսկ հետո կրկին բացվել է, բայց ԿԽՄԿ-ի միջոցով մաքսանենգության փորձ է արվել։ 

Հիշեցնենք, որ հունիսի 15-ին, երբ Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ, ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով, Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ կատարեցին, հայկական կողմը այն կանխեց, ինչից հետո Ադրբեջանի կողմից արգելվեցին Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար փոխադրումները՝ այդ թվում՝ ռուս խաղաղապահների ու ԿԽՄԿ միջնորդությամբ հումանիտար օգնության փոխադրումը։ Այնուհետև Ադրբեջանը ԿԽՄԿ-ին մի քանի անգամ թույլ տվեց Արցախից բուժառուներ տեղափոխել Հայաստան, սակայն հուլիսի 11-ին ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքով երթևեկությունը առհասարակ դադարեցրեց՝ որպես պատճառ նշելով այն, թե հայերը ԿԽՄԿ մեքենաների միջոցով փորձել են բենզին, ծխախոտ և այլ ապրանքներ տանել Արցախ։ 

Ալիևը նշել է, թե այս դեպերքից հետո Կարմիր Խաչից խնդրել են Ադրբեջանի հետ ավելի կառուցողական աշխատել։

«Ցավոք սրտի, մինչ այսօր ԿԽՄԿ գրասենյակը Ղարաբաղում ենթակա է եղել ոչ թե Բաքվին, այլ երեւանյան գրասենյակներին։ Սա ընդունելի չէ, որովհետև ամբողջ աշխարհը ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Անգամ Հայաստանի վարչապետը բազմիցս ասել է, որ «Ղարաբաղն Ադրբեջան է»։ Դա մեր օրինական հարցադրումն է, թե ինչու Կարմիր Խաչի Ստեփանակերտի գրասենյակը ոչ թե Բաքվի, այլ Երևանի գրասենյակի ենթակայության տակ է»,- ասել է Ալիևը։ 

Լրագրողը հարցին, թե արդյոք խաղաղության պայմանգրի հիմնական խոսչընդոտը Լաչինի միջանքում ստեղծված իրավիճակն է, Ալիևը պատասխանել է՝ իր կարծիքով՝ այդ երկու հարցերը փոխկապակվցված չեն։ 

«Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին իրավիճակը փոխվեց ապրիլի 23-ին, երբ սահմանային անցակետ հիմնեցինք։ Մինչ այդ մենք երկուսուկես տարի ժամանակ ունեինք խաղաղության համաձայնության հասնելու համար։ Միակ խոչընդոտն այն էր, որ Հայաստանը չէր ցանկացնում պաշտոնապես Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս ճանաչել։ Այո, դա արել են բանավոր հայտարարություններով, ինչը նույնպես դիրքորոշում է, բայց նրանք պետք է ստորագրեն փաստաթուղթը։ Այնպես որ, ես չեմ կարծում, որ այս երկու հարցերը փոխկապակցված են։ Ես հուսով եմ, որ Հայաստանի հետ խաղաղ բանակցությունները կավարտվեն հաջող սցենարով և առաջիկա ամիսներին»։ 

Հաջորդիվ լրագրողը հարց է հնչեցրել, թե որն է եղել Իլհամ Ալիևի՝ որպես Ադրբեջանի նախագահի, հիմնական առաքելությունը․ պատերազմում հաղթե՞լը, թե՞ Հայաստանի հետ խաղաղության հասնելը։ 

«Պատերազմում հաղթելը իմ կյանքի, իմ քաղաքական կյանքի առաքելությունն էր, որը հաջողությամբ ավարտվեց»,- պատասխանել է Ալիևը՝ նշելով, թե դա թիվ մեկ առաքելությունն էր, որը հաջողությամբ Ադրբեջանը ավարտել է, իսկ հիմա խոսում է խաղաղության մասին։

«Այժմ խաղաղությունը մեր օրակարգում է: Եթե Հայաստանը խաղաղություն է ուզում, մենք դրան կհասնենք, որովհետև մենք Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունենք։ Եվ մենք չենք ուզում, որ նրանք տարածքային պահանջներ ունենան Ադրբեջանի նկատմամբ։ Մարդիկ, ովքեր ապրում են Ղարաբաղում՝ այն տարածքում, որն այժմ ժամանակավորապես վերահսկվում է ռուս խաղաղապահների կողմից, նրանք ապրում են Ադրբեջանում։ Նրանք պետք է ընտրեն՝ ապրել որպես Ադրբեջանի քաղաքացի, որպես էթնիկ փոքրամասնություն, ինչպես ցանկացած այլ ազգային փոքրամասնություն, որոնցով Ադրբեջանը հարուստ է, թե հեռանալ։ Այսպիսով, սա նրանց ընտրությունն է։ Դա նրանից չէ, որ մենք ուզում ենք, որ նրանք հեռանան, կամ, ինչպես մեզ մեղադրում է Հայաստանը, մենք էթնիկ զտումներ ենք կազմակերպում։ Ոչ, մենք նրանց ընտրության հնարավորություն ենք տալիս: Ինչպե՞ս կարող են նրանք ապրել մեր տարածքում որպես Հայաստանի քաղաքացի՝ առանց որևէ օրինական թույլտվության, կամ, այսպես կոչված, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության», որը ոչ ոքի կողմից ճանաչված չէ։ Այնպես որ, կարծում եմ՝ սա լեգիտիմ մոտեցում է, ինչը համահունչ միջազգային պրակտիկային»,- ասել է Իլհամ Ալիևը։ 

Ալիևը, նշելով, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ որևէ տարածքային պահանջ չունի ու խաղաղություն է ուզում հաստատել Հայաստանի հետ, ասել է․ «Կարծում ենք, երբ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները կկարգավորվեն ու դիվանագիտական հարաբերություններ կհաստավեն երկու երկրների միջև, Հայաստանից բռնի տեղահանված ադրբեջանցիները իրավունք ունեն վերադառնալու Հայաստան»։ 

Ադրբեջանի նախագահը Հայաստանին նաև կոչ է արել հստակ գիտակցել ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը և ուժերի հարաբերակցությունը։

«Կարծում եմ՝ չպետք է ընդդիմանալ միջազգային հանրության խաղաղ նախաձեռնություններին։ Նրանք [հայերը] պետք է հասկանան, որ եթե խաղաղության պայմանագիր չստորագրեն Ադրբեջանի հետ, ապագայում իրավիճակը անկանխատեսելի կլինի։ Աշխարհաքաղաքական իրավիճակը աշխարհում և տարածաշրջանում, ինչպես տեսնում ենք, շատ կտրուկ փոխվում է։ Եվ նրանց [հայերի] անվտանգային հույսերի մի մասն ամբողջությամբ հօդս ցնդեց։ Այժմ նրանք փնտրում են անվտանգության նոր երաշխավորներ։ Ո՞վ է պատրաստ այս տարածքում պատերազմի դաշտում բախում ունենալ Ադրբեջանի հետ, հատկապես այն բանից հետո, ինչ մենք ցույց տվեցինք պատերազմի ժամանակ և երբ պատերազմից հետո բարձրացրինք մեր պաշտպանունակությունը։ Կա՞ որևէ մեկը, որը պատրաստ է պայքարել մեր դեմ հայերի համար։ Ես կասկածում եմ»,- ասել է Ալիևը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել