tert.am: ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հարցազրույց է տվել BBC-ի Newshour ռադիոծրագրին՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանն ու դրա հետևանքով այնտեղ օրեցօր վատթարացող մարդասիրական ճգնաժամին, որի հարցով ՀՀ-ն դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ անցկացնելու համար:
Ըստ Մարգարյանի՝ Հայաստանը միջազգային հանրությանը նախազգուշացրել է, որ Արցախում տագնապալի իրավիճակը մոտ է հումանիտար աղետի վերածվելուն։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից կենսաապահովման կարևոր ուղու (Լաչինի միջանցքի) փակումը պայմաններ է ստեղծել մարդածին մարդասիրական աղետի համար:
«Այսօր ուղիղ ութ ամիս է, ինչ Լեռնային Ղարաբաղում շրջափակված հազարավոր ընտանիքներ տառապում են առաջին անհրաժեշտության ապրանքների, այդ թվում՝ սննդի, վառելիքի և դեղորայքի սուր պակասից: Եվ մենք կարծում ենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է իրականացնի միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու իր պատասխանատվությունը և համապատասխան միջոցներ ձեռնարկի՝ կանխելու զանգվածային վայրագությունները Լեռնային Ղարաբաղում»,- հայտարարել է Մարգարյանը:
Նա հիշեցրել է, որ ոչ միայն Հայաստանն է դիմել Ադրբեջանին՝ ճանապարհը բացելու հարցով, այլև Միջազգային քրեական դատարանն է փետրվարին հրապարակել միջանկյալ միջոց, իսկ հուլիսին վերահաստատել այն, ըստ որի՝ Ադրբեջանը պետք է ձեռնարկի բոլոր միջոցները՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը Լաչինի միջանցքով, ինչը Ադրբեջանը մինչև օրս չի իրականացրել:
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը երեք հայտարարություն է արել՝ մեկը դեկտեմբերին, մյուսը՝ փետրվարին և վերջինը՝ օգոստոսի 3-ին՝ կոչ անելով անվերապահորեն իրականացնել միջազգային դատարանի որոշումը՝ վերահաստատելով դրա պարտադիր բնույթը: Շատ միջազգային կազմակերպություններ կոչ են արել Ադրբեջանին կատարել դատարանի որոշումը։ Մենք նաև մեկ ամիս առաջ դիմել ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ մասնավորապես խնդրելով հրատապ և արդյունավետ գործողություններ ձեռնարկել ի պատասխան Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտման և ապահովել Միջազգային քրեական դատարանի իրավաբանորեն պարտադիր վճիռները։ Մինչև հիմա ոչինչ չի արվել։
Նույնիսկ Միջազգային Կարմիր Խաչին է արգելված մուտք գործել այս տարածք: Ցեղասպանության հարցով բազմաթիվ հեղինակավոր գիտնականներ և փորձագետներ գրել են, հայտարարություններ են արել Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու Ադրբեջանի հստակ մտադրությունների մասին։ Միջազգային հանրությունը պարտավորություն ունի կանխելու նման հանցագործությունները»,- հայտարարել է Մարգարյանը:
Խոսելով ՄԱԿ-ի ԱԽ-ից Հայաստանի սպասելիքների մասին՝ ներկայացուցիչն ընդգծել է, որ կառույցն իր գործիքակազմում տարբեր միջոցներ ունի: Ըստ նրա՝ ամենահարմարը կլինի բանաձևը, որը ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակին կլիազորի գնահատող առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ և բնակչությանը հասցնել անհրաժեշտ մարդասիրական օգնություն, ինչպես նաև կատարել միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր որոշումները՝ բացելով Լաչինի միջանցքը։ Նա հիշեցրել է, որ մարդասիրական ուղեբեռն արդեն երկու շաբաթ կանգնած է սահմանին:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում