Մեկնարկել է Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը։ Նիստի մեկնարկին հաստատվեց օրակարգն ու խորհուրդն անցավ նիստի աշխատանքներին։
Նիստին մասնակցում են Հայաստանի, Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի ներկայացուցիչները։
Նիստի սկզբում ելույթ ունեցավ ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչը, որի ելույթը ներկայացնում ենք ստորև․
«ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը ներկայումս հնարավորություն չունի անկախորեն ճշտելու տեղեկություններ, որոնք վերաբերում են մարդկանց կամ ապրանքների տեղաշարժին այն ուղիներով, որոնց թվում է Լաչինի միջանցքը, կամ տեղեկություններ այն տարածքներում բնակվող քաղաքացիական անձանց բարօրության մասին, որտեղ տեղակայված են ռուսական խաղաղապահները։ Մենք, սակայն, ընթացիկ զեկույցների հիման վրա տեղյակ ենք այս հարցերից, այդ թվում պարենի եւ դեղորայքի անբավարարության մասին, եւ տեղյակ ենք, որ խաթարված է էլեկտրամատակարարումը, որն անհրաժեշտ է կենսական ենթակառուցվածքները եւ ծառայությունները պահպանելու համար, օրինակ ջրի եւ առողջապահական ծառայությունների։
Տեղյակ ենք նաեւ, որ առողջապահական կարեւոր որոշ ծառայություններ ստիպված ընդհատվել են, այդ թվում վիրահատությունները։
ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը կանոնավոր կապի մեջ է ԿԽՄԿ-ի հետ, որը միակ միջազգային կազմակերպությունն է մինչ օրս, որը մուտք ունի այդ տարածք։ ԿԽՄԿ-ի հուլիսի 25-ի հայտարարության համաձայն՝ իրենք չեն կարողացել մարդասիրական օգնություն տեղափոխել Լաչինի միջանցքով, հասցնել քաղաքացիական բնակչությանը այդ տարածքում, կամ որեւէ այլ ուղիով, այդ թվում Աղդամով, արդեն մի քանի շաբաթ։ Թեպետ բժշկական տարհանումները շարունակվում են, ԿԽՄԿ-ն չի կարողացել բժշկական պարագաներ հասցնել տարածք հուլիսի յոթից ի վեր, պարենի առաքումները դադարել են հունիսի 14-ին։ ԿԽՄԿ-ն ընդգծել է, որ պարենի եւ կյանք փրկող բժշկական պարագաների անբավարարություն կա։
Մարդասիրական իրավունքը շատ հստակ է․ կողմերը պարտավոր են թույլ տալ եւ ապահովել արագ եւ անխոչընդոտ անցումը մարդասիրական օգնության, բոլոր քաղաքացիական անձանց համար, որոնք դրա կարիքն ունեն։ Կողմերը պարտավոր են ապահովել մարդասիրական օգնություն տրամադրող անձնակազմի տեղաշարժի ազատությունը, որն անհրաժեշտ է նրանց գործառույթների կատարման համար։ Կարեւորն այն է, որ անցումը լինի հնարավորինս արագ այս հանգամանքներում, ուստի խիստ կարեւոր է, որ ԿԽՄԿ-ի կողմից մարդասիրական օգնության մատակարարումը թույլատրվի վերսկսել ցանկացած հասանելի ուղիով։
ԿԽՄԿ-ն անում է իրենից կախված ամեն ինչ, բայց որպես միակ կազմակերպություն՝ այն կարող է միայն ամենահրատապ կարիքները հոգալ։ Անկողմնակալ մարդասիրական այլ օգնությունը նույնպես պետք է թույլ տալ, որ հասնի դրա կարիքն ունեցող քաղաքացիական անձանց եւ կայուն լուծում պետք է գտնել մարդկանց և ապրանքների ապահով և կանոնավոր տեղաշարժի համար։
Այստեղ հղում կանեի ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ օգոստոսի երկուսին արված հայտարարությանը, որում նա առանձնակի մտահոգություն է հայտնել այն տեղեկությունների մասին, որոնց համաձայն՝ վատթարանում է մարդասիրական իրավիճակը տեղում եւ կոչ է արել հրատապ քայլեր ձեռնարկել՝ ապահովելու հասանելիությունը։
Կողմերը պարտավոր են չխոչընդոտել եւ չքաղաքականացնել մարդասիրական որեւիցե գործունեություն։ Մարդասիրական կարիքներին արձագանքելը չի նշանակում լեգիտիմացում կամ ճանաչում, դա կողմնակալության դրսեւորում չէ եւ դա քաղաքական ազդեցության ենթակա չէ։ Մեր ղեկավարը շարունակելու է կողմերի հետ աշխատել մարդասիրական հասանելությունն ապահովելու համար, որպեսզի բավարարվեն այս տարածքներում բնակվող քաղաքացիական անձանց կենսական կարիքները։ ՄԱԿ-ի թիմերը Հայաստանում եւ Ադրբեջանում նույնպես բաց հաղորդակցության մեջ են այդ երկրների իշխանությունների հետ եւ լիովին պատրաստ են իրենցից կախված ամեն ինչ անել՝ ապահովելու մարդասիրական կարիքներին արձագանքելը»։