Հաշվի առնելով մարդասիրական իրավիճակի ծանրությունը՝ Ֆրանսիան կոչ է անում, որպեսզի անվերապահորեն եւ անմիջապես վերականգնվի ապրանքների, մարդկանց եւ պարագաների անխոչընդոտ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով։ Այս մասին Արցախի հարցով ՄԱԿ ԱԽ նիստին հայտարարեց Ֆրանսիայի ներկայացուցիչը։
«Ավելի քան ութ ամիս տևող սահմանափակումները եւ երթեւեկության ամբողջական շրջափակումը Հայաստանը ԼՂ-ին կապող միջանցքում այժմ հանգեցրել են մարդասիրական ճգնաժամի։ Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակումը Ադրբեջանի կողմից շարունակում է մեկուսացնել ԼՂ բնակչությանը աշխարհի մնացած մասից՝ առանց որեւէ իրավաչափ պատճառի, որով կարող էր այդ իրավիճակը արդարացվել, եւ դա հակասում է միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին։ Այս իրավիճակը, գումարած գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումները, ջրային պաշարների սպառումը, դժվարությունները, որոնք կրում է բնակչությունը սերմացու ճարելու հարցում, գումարած վառելիքի անբավարարությունը, որը խափանում է գյուղատնտեսական աշխատանքը, այժմ արդեն հասնում է մարդասիրական ճգնաժամի։
Երաշտի ռիսկը, դեղորայքի կտրուկ անբավարարությունը վերահաս են։
Ֆրանսիան դատապարտում է մարդասիրական օգնության ուղեբեռի արգելափակումը, որը Հայաստանի իշխանություններն ուղարկել էին հուլիսին, որպեսզի վերացնեն այս իրավիճակի հետեւանքները, նույնը վերաբերում է նաեւ ԿԽՄԿ-ի գործունեությունը խոչընդոտելուն, ինչը խախտում է միջազգային իրավուքնի սկզբունքները։ Դա անընդունելի է։
Հաշվի առնելով մարդասիրական իրավիճակի ծանրությունը՝ Ֆրանսիան կոչ է անում, որպեսզի անվերապահորեն եւ անմիջապես վերականգնվի ապրանքների, մարդկանց եւ պարագաների անխոչընդոտ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով եւ շարունակաբար ապահովվի գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարումը բնակչությանը։
Մեր նախորդ հրապարակային նիստից ի վեր Արդարադատության միջազգային դատարանը ընդունել է որոշում 2023-ի փետրվարի 22-ին։ Որոշումը միջանկյալ միջոցներ կիրառելու մասին է, որոնք պարտադիր են, եւ դրանք պահանջում են, որ Ադրբեջանը Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման միջազգային կոնվենցիայի շրջանակում ստանձնած պարտավորությունների շրջանակում իրենից կախված բոլոր միջոցները ձեռնարկի, որպեսզի ապահովի անձանց, տրանսպորտային միջոցների եւ ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով։
2023-ի հուլիսի 6-ի իր որոշման մեջ Դատարանը նշել է, որ շատ վտանգավոր է իրավիճակը կողմերի միջեւ, Դատարանը հաստատել է, որ անհրաժեշտ է արդյունավետորեն ի կատար ածել իր վերը նշված որոշման միջոցառումները։ Ինչպես Գլխավոր քարտուղարը օգոստոսի երկուսին հայտարարել է, Ֆրանսիան ևս այսօր կոչ է անում Ադրբեջանին կատարելու իր միջազգային պարտավորությունները եւ ի կատար ածելու այն միջոցները, որոնք մատնանշել է Արդարադատության միջազգային դատարանը։
Հաշվի առնելով իրավիճակի ծանրությունը՝ Ֆրանսիան ողջունում է ԿԽՄԿ աշխատանքը տեղում եւ վերահաստատում է իր աջակցությունը ԿԽՄԿ-ին։ Ֆրանսիան կոչ է անում, որ անմիջապես, առանց խոչընդոտների միջազգային մարդասիրական կազմակերպություններին և ՄԱԿ-ի կառույցներին հասանելիություն տրամադրվի տեղի բնակչությանը եւ վերաբացվի Լաչինի միջանցքը։
Ֆրանսիան լիովին հանձնառու է մնում մնայուն եւ արդար խաղաղությանը տարածաշրջանում։ Այս առումով Ֆրանսիան կոչ է անում, որ վերսկսվեն բանակցությունները՝ ուղղված բոլոր չլուծված խնդիրների լուծմանը, այդ թվում՝ ԼՂ բնակչության իրավունքների եւ երաշխիքների հարցերին։ Այդպիսի կարգավորումը հնարավոր է միայն երկխոսությամբ՝ բացառելով ուժի կամ ուժի սպառնալիքի որեւէ գործադրում։
ԵՄ-ին զուգահեռ՝ Ֆրանսիան կշարունակի աջակցել երկխոսության ջանքերին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, լիովին աջակցում եւ մասնակցում ենք միջնորդական ջանքերին, որոնք առաջնորդում է ԵՄ-ն, կարգավորման գործընթացին աջակցելու, եւ մենք կաջակցենք, որպեսզի բանակցվող բոլոր թեմաների ուղղությամբ առաջընթաց լինի, այդ թվում՝ խաղաղության համաձայնագրի տեքստի նախագծի, սահմանագծման, մարդասիրական հարցերի եւ հաղորդակցության ուղիների բացման հարցերով։
Ֆրանսիան պատրաստակամ է աջակցել կողմերին և գործընթացի մյուս մասնակիցներին այս խնդիրների լուծմանը ուղղությամբ»։