«Դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը եւ օգտագործել մարդասիրական այլ ճանապարհներ». ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցչի ելույթը

Մենք մտահոգված ենք, որ շարունակվում է Լաչինի միջանցքի արգելափակումը։ Այս մասին ՄԱԿ-ի՝ Արցախի հարցով հրավիրված ԱԽ նիստում հայտարարեց ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Պալյանսկին։

Ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Ներկայումս, ավելի քան երբեւէ, տեղում քայլեր են անհրաժեշտ՝ արագորեն թոթափելու լարվածությունը ԼՂ շուրջ․ մասնավորապես դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը եւ օգտագործել մարդասիրական այլ ճանապարհներ։

ՌԴ-ն երկու կողմերի աջակցությամբ ամեն ջանք գործադրում է, որ արագորեն հանգուցալուծվի այս ճգնաժամը, որ աջակցենք հարաբերությունների կարգավորմանը մեր բարեկամ երկրների՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև։ Մենք մեզնից կախված ամեն ինչ անում ենք քաղաքական եւ դիվանագիտական ճանապարհներով բոլոր մակարդակներում եւ տեղում՝  ռուսական խաղաղապահ զորքերի միջոցով, որպեսզի կանխվի մարդասիրական աղետը տարածաշրջանում։

Մենք շարունակում ենք ակտիվ կապ պահպանել բոլոր ներգրավված կողմերի հետ, որպեսզի արագորեն վերսկսվի պարենի, դեղորայքի եւ անհրաժեշտ այլ պարագաների մատակարարումը ԼՂ, ինչպես նաեւ էլ. էներգիայի եւ գազի մատակարարումը։

ՌԴ նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ ՀՀ վարչապետի միջեւ բոլոր հայտարարությունները 2020-22թթ․ ճանապարհային քարտեզ են Բաքվի եւ Երեւանի հաշտեցման համար, որին չկա այլընտրանք։ Եռակողմ համաձայնագրերի դրույթների մեջ շատ կարեւոր է Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանագծումը եւ սահմանազատումը ՌԴ աջակցությամբ, որպեսզի վերականգնվեն տրասնպորտային ուղիները եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում, որի համանախագահներն են ՌԴ, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետները։

ՌԴ-ն մտադիր է ամեն ջանք գործադրել այս ուղղությամբ։ Հայաստանի եւ Ադրբեջանի հաշտեցումը հնարավոր չէ, եթե հստակ անվտանգության եւ իրավունքների երաշխիքներ չլինեն ԼՂ բնակիչների համար միջազգայնորեն ճանաչված սկզբունքների հիման վրա, Ադրբեջանի օրենքների համատեքստում։ Այդ տրամաբանությունը բխում է վերջին համաձայնություններից, որոնք վերահաստատվել են Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների միջեւ։

Յուրաքանչյուր կողմ ճանաչում է մյուսի տարածքային ամբողջականությունը՝ 1991-ի Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն։

Հուլիսի 25-ին ՌԴ-ի, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների միջեւ Մոսկվայի բանակցություններում իրատեսական կոմպրոմիսներ ենք առաջարկել՝ թոթափելու համար լարվածությունը, որոնք հաշվի առնվեցին կողմերի կողմից։

Դա ենթադրում է զուգահեռ մարդասիրական միջանցքի բացում Աղդամով եւ Լաչինով՝ քաղաքացիական անձանց եւ ռազմական բեռների տեղաշարժի համար, որպեսզի արագ վերսկսվի ուղիղ երկխոսությունը Բաքվի ներկայացուցիչների եւ ԼՂ բնակչության ներկայացուցիչների միջեւ։ Հավասարապես կարեւոր են երկուստեք խոստումները՝ չքաղաքականացնել մարդասիրական խնդիրը։

Մենք հույս ունենք, որ գործընթացի բոլոր մասնակիցները քաղաքական կամք կցուցաբերեն՝ հաղթահարելու իրենց տարաձայնությունները՝ թեթևացնելու ԼՂ տասնյակ հազարավոր մարդկանց ծանր վիճակը, եւ տեւական երկխոսություն ունենալ Բաքու-Ստեփանակերտ ձեւաչափով։

Մենք պատրաստ ենք աշխատել բոլոր պատասխանատու դերակատարների հետ, ովքեր հետաքրքրված են ԼՂ-ում իրավիճակի կարգավորմամբ եւ Հայաստան-Ադրբեջան հաշտեցմամբ ընդհանրապես։ Ովքեր կաջակցեն այս սցենարին՝ ելնելով ադրբեջանցիների եւ հայերի հիմնարար շահերից, պետք է մի կողմ դնեն բոլոր աշխարհաքաղաքական եւ այլ նկրտումները։

Մենք նաեւ կոչ ենք անում պատասխանատու մոտեցում ցուցաբերել Անվտանգության խորհրդի՝ այս ուղղությամբ որպես հարթակի կիրառման ուղղությամբ Բաքվի եւ Երեւանի միջեւ, դրսից չպետք է պարտադրվեն որեւէ լուծումներ եւ ծրագրեր, այս երկխոսությունը չպետք է դրանցով փոխարինվի, մենք կշարունակենք խթանել այս երկխոսությունը, որպեսզի կողմերը բարիդրացիական հարաբերությունններ ունենան, ինչպես անցյալում են ունեցել, այդ թվում նաեւ ռուսական խաղաղապահ զորքի կիրառմամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով