Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնություն պետք է տրամադրվի անհապաղ կերպով. ՄԱԿ-ում Գաբոնի ներկայացուցիչ |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ում Գաբոնի ներկայացուցիչ Միշել Խավիեր Բիանգը մտահոգություն է հայտնել իրավիճակի վերաբերյալ, որում հայտնվել է Լեռնային Ղարաբաղի բնակչությունն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն արգելափակելու հետևանքով։ Այս մասին Գաբոնի ներկայացուցիչը խոսել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում, որի ընթացքում քննարկվել է  Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։

Նա վկայակոչել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի վերջին զեկույցներն այն մասին, որ ԼՂ բնակչությունը  սննդի, դեղորայքի և բժշկական սարքավորումների պակաս ունի:  Շեշտվեց, որ դա առանձնապես մտահոգիչ է խոցելի խմբերի՝ երեխաների, ծերերի, հղիների դեպքում:

 «Մարդասիրական օգնությունը պետք է տրամադրվի անհապաղ կերպով՝ առանց հարցի քաղաքականացման»,-ընդգծեց դեսպան Բիանգը:

Շեշտվեց, որ անխոչընդոտ մուտքը Լեռնային Ղարաբաղ պետք է ապահովվի՝ կանխելու համար քաղաքացիական բնակչությանը սպառնացող հետագա վտանգները: Գաբոնի մշտական ներկայացուցիչը նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև քաղաքական քննարկումները պետք է շարունակվեն՝ կանխելու համար նոր ռազմական հակամարտությունը:

Գաբոնի ներկայացուցիչը կողմերին կոչ արեց զերծ մնալ ուժի կիրառման սպառնալիքից և ռազմական հռետորաբանությունից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն