ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչը «չհիմնավորված մեղադրանքներ» որակեց Հայաստանի հայտարարությունները

Արցախի հարցով հրավիրված ՄԱԿ ԱԽ նիստում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթիվ հետո ելությով հանդես եկավ ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչ Յաշար Ալիևը` Հայաստանի ներկայացրած պնդումները որակելով «անհիմն»։ 

«Պիտի կատեգորիկ հերքեմ ի նախորդիվ հնչած [խմբ. Միրզոյանի ելույթը] բոլոր այդ չհիմնավորված մեղադրանքները շրջափակման, մարդասիրական ճգնաժամի վերաբերյալ, որոնք Հայաստանն է տարածում իմ երկրի դեմ։

Այն, ինչ Հայաստանը փորձում է ներկայացնել որպես մարդասիրական խնդիր, իրականում սադրիչ եւ անպատասխանատու քաղաքական արշավ է, որի նպատակն է սասանել իմ երկրի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը։ Հայաստանն է մոտ երեսուն տարի կոպտորեն արհամարհել Անվտանգության խորհրդի չորս բանաձեւերը եւ հայտարարությունները, որոնցում աներկբայորեն պահանջվում էր լիարժեքորեն, անմիջապես եւ առանց պայմանների դուրս բերել օկուպացիոն ուժերը Ադրբեջանի տարածքից։ Այս ամենի ֆոնին Հայաստանի գործողությունները ոչ այլ ինչ են, քան քաղաքական կեղծավորության մարմնավորում, եւ ԱԽ-ին ուղղված կոչն այդ արշավի մի մաս է, որն ամիսներ է շարունակվում՝ նպատակ ունենալով մանիպուլացնել ու ապակողմնորոշել միջազգային հանրությանը։

Եթե Հայաստանն անկեղծ լիներ՝ ձգտելով օգնել, դա արված կլիներ անմիջապես։ Հենց վերջերս, օրեր առաջ դա գործնականում հասանելի էր՝ շնորհիվ միջազգային դերակատարների ակտիվ ներգրավվածության, այդ թվում ԱԽ որոշ անդամների։ Դա չիրագործվեց  միայն Հայաստանի կողմից մերժելու պատճառով։

Ինտենսիվ քննարկումներից հետո, դիվանագիտական քննարկումներից հետո ի վերջո համաձայնություններ ձեռք բերվեցին մարդասիրական բեռները Ղարաբաղի շրջան տարբեր ճանապարհներով ուղարկելու վերաբերյալ, այդ թվում հատուկ հանդիպում պետք է կազմակերպվեր կառավարության ներկայացուցչի եւ տեղի հայ բնակիչների միջեեւ»,- ասաց Յաշար Ալիևը։

Ադրբեջանի ներկայացուցիչը պնդել է, թե իբր առաջին դեպքում կոնկրետ ֆիզիկական խոչընդնոտներ տեղակայվեցին հայկական կողմից Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհին, եւ դրանք պետք է հանվեին, որպեսզի հնարավոր դառնար մարդասիրական բեռների առաքումը ԿԽՄԿ կողմից տեղի բնակիչներին․ դրան պետք է հաջորդեր Լաչինի ճանապարհի օգտագործման շրջանակն ընդլայնելու գործընթացը ԿԽՄԿ կողմից քսանչորս ժամվա ընթացքում։ Ադրբեջանի ներկայացուցչի պնդմամբ՝ բոլոր մասնակից կողմերը, այդ թվում՝ ՌԴ խաղաղապահ զորախումբը եւ ԿԽՄԿ-ն պատրաստ էին այս պայմանավորվածությունը մեկ ժամվա մեջ սկսել իրագործել։

«Դժբախտաբար, մենք բազմաթիվ անգամ լսեցինք ԿԽՄԿ անունը (նկատի ունի՝ ՄԱԿ-ում ելույթ ունեցողներից), ես էլ կուզեի ԿԽՄԿ-ից այդ տեղեկությունները լսել, որպեսզի դրանք հաստատվեն լրացուցիչ հաղորդակցության միջոցով»,- ասաց Յաշար Ալիևը։

Ադրբեջանի ներկայացուցիչը երկրորդ դեպքի վերաբերյալ ասաց․ «Կենտրոնական իշխանությունների եւ տեղի հայկական բնակիչների միջեւ հանդիպում համաձայնեցվեց, որը մոտակա Եվլախ քաղաքում պետք է տեղի ունենար։ Օգոստոսի 5-ին, ցավոք, Հայաստանն իր կողմից ապօրինաբար տեղադրված ռեժիմի միջոցով հետ կանգնեց երկու պայմանավորվածություններից ամենավերջին պահին՝ քաղաքականապես մոտիվացված եւ ոչ իրավաչափ նախապայմաններ առաջ քաշեկով տարբեր պատրվակների հետ մեկտեղ։ Կասկած չկա, որ թեպետ Ադրբեջանն ինտենսիվ աշխատում է ՌԴ, ԱՄՆ, ԵՄ, ԿԽՄԿ հետ, որպեսզի իրավիճակից ելքեր գտնի, Հայաստանն է դիտավորյալ խոչընդոտում դիվանագիտական ջանքերը։

Դա միայն մեկ բացատրություն կարող է ունենալ․ Հայաստանը չի ցանկանում լուծման մաս լինել, փոխարենն այն արհեստականորեն լարվածություն է ավելացնում տարածաշրջանում, քանի որ ցանկանում է շարունակել մանիպուլյացիան եւ ապակողմնորոշումը միջազգային մակարդակում»,- ասաց Ադրբեջանի ներկայացուցիչը։

Յաշար Ալիև պնդել է, թե «ԿԽՄԿ կողմից օգոստոսի հինգին մարդասիրական ապրանքներ տեղափոխելու պայմանավորվածության խախտումը միակ խոչընդոտը չէ»։

«Հայաստանը շարունակում է այսկերպ քաղաքականացնել մարդասիրական այս կառույցի ներկայությունը եւ գործունեությունը, վտանգավոր փորձ է անում մարդասիրական հարցերը ծառայեցնել քաղաքական նպատակների՝ կասկածի տակ դնելով Ադրբեջանի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը եւ կանխելով տեղի էթնիկ հայ բնակիչների վերաինտեգրումը։
Ահա փաստեր, որոնք խոսում են ինքին․ 

2020-ին պատերազմի ավարտից անմիջապես հետո Ադրբեջանը տեխնիկական միջոցներ եւ ենթակառուցվածք առաջարկեց ԿԽՄԿ-ին, որպեսզի այն ապրանքներ հասցներ Ադրբեջանի Ղարաբաղ շրջան։ 2021-ին այդ ապրանքները տեղափոխվեցին Բարդա քաղաք՝ ԿԽՄԿ-ի գրասենյակ, որպեսզի հասցվեն, հայկական կողմը հրաժարվեց, թույլ չտվեց, որ ԿԽՄԿ-ն մարդասիրական օգնությունը հասցնի։

Էկոակտիվիստների բողոքի ցույցերը Լաչին-Խանքենդի ճանապարհին սկսելուց անմիջապես հետո Ադրբեջանը խնդրեց, որ ԿԽՄԿ-ն ներկայացնի այն ապրանքների ցանկը, որոնք տեղի բնակիչներին անհրաժեշտ են եւ պատրաստակամություն հայտնեց տրամադրելու տեխնիկական եւ ենթակառուցվածքային ողջ աջակցությունը՝ դրանք տեղ հասցնելու համար։

ԿԽՄԿ-ն վերադարձավ՝ պատասխանելով, թե հայկական կողմը Ադրբեջանից որեւէ մատակարարում չուզեց։ Հայաստանն աննախադեպ քայլի գնաց՝ օգտագործելով ԿԽՄԿ-ին երկակի նշանակության տեխնոլոգիաներ եւ այլ ապրանքներ, միկրոչիպեր Ղարաբաղի շրջան մաքսանենգաբար տեղափոխելու նպատակով, ԿԽՄԿ-ն ստիպված եղավ խոստովանել այդ փաստը, սա լուրջ հարված եղավ ԿԽՄԿ-ի հեղինակությանը եւ մարդասիրական մանդատին»,- ասաց Ադրբեջանի ներկայացուցիչը։ 

Վերջինս հայտարարեց՝ Հայաստանը հրաժարվեց ընդունել ԿԽՄԿ-ի՝ Բաքվում գտնվող միջազգային բուժանձնակազմին, որպեսզի նրանք տեղակայվեն Խանքենդիում․

«ԿԽՄԿ-ն էր այդպիսի առաջարկ ներկայացրել, որպեսզի բժշկական տարհանումներ կազմակերպվեն եւ օգնեն լուծել տեղում առկա առողջական խնդիրները, եւ իմ երկիրը կողմ է եղել դրան։ Հայաստանի կողմից ԿԽՄԿ-ն իր քաղաքական նպատակներին ծառայեցնելը հստակ ցույց է տալիս, որ միջազգային ներկայցությունն ավելացնելու, այդ թվում՝ ՄԱԿ-ի հետ կապված կազմակերպությունների, մասին կոչերը որեւէ կապ չունեն մարդասիրական մտահոգությունների հետ, փոխարենը նպատակն ավելի շատ մանիպուլյացիաների հասնելն է։

Ադրբեջանի Ղարաբաղ շրջանը իմ երկրի միջազգայնորեն ճանաչված տարածքն է, եւ այնտեղ ապրող էթնիկ հայերը համարվում են իմ երկրի բնակիչներ՝ Ադրբեջանի Հանրապետության։ Ադրբեջանի կառավարությունը հաստատակամ է երաշխավորելու եւ ապահովելու այդ բնակիչների համար անհրաժեշտ ապրանքների հասանելիությունը եւ պատշաճ կենսապայմաններ ձեւավորել նրանց համար, այս նպատակները լիովին համահունչ են միջազգային իրավունքին եւ միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին, ինչն ընդգծում է Ադրբեջանի անվերապահ նվիրումը այս չափանիշների պահպանմանը։

Այսպես կոչված, Լաչինի միջանցքը ճանապարհ է, որը գտնվում է Ադրբեջանի ինքնիշխան տարածքում՝ առանց որեւէ արտատարածքային կարգավիճակի։ Դրա հիմնական նպատակն է ապահովել քաղաքացիների, ապրանքների, տրանսպորտային միջոցների տեղաշարժը՝ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության համաձայն։

Այդ հայտարարության իր պարտավորությունների համաձայն՝ Ադրբեջանը թույլ է տվել, որ այդ ճանապարհով տեղաշարժ լինի, դա շարունակվում է Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանին անցակետ տեղադրելուց հետո»,- ասաց Ադրբեջանի ներկայացուցիչը։ 

Յաշար Ալիևը պնդեց, թե իբր սահմանային անցակետը տեղադրվել է, քանի որ Ադրբեջանն այդկերպ օգտվում է իր անքակտելի իրավունքից՝ երաշխավորել իր ինքնիշխանությունը  և անվտանգությունը եւ կանխել Հայաստանի կողմից այդ ճանապարհի շարունակական եւ կոպիտ շահագործումը՝ ռազմական և այլ անօրինական գործողությունների համար։

«Կրկնում եմ՝ կանխելու Հայաստանի կողմից այս ճանապարհի կոպիտ շահագործումը ռազմական և այլ անօրինական գործողությունների համար, ինչպիսիք են, օրինակ, իր մոտ տասը հազար զինվորական անձնակազմի շրջափոխումը, որոնք ապօրինաբար տեղակայված են Ադրբեջանի տարածքում, զենքի, զինամթերքի, հակահետեւակային ականների, օտարերկրացի ահաբեկիչների տեղափոխումը, ինչպես նաև այդ տարածքից բնական պաշարներ անօրինական կորզումն ու տեղափոխումը. դա մարդասիրական օգնությո՞ւն է։

Եթե Հայաստանն իսկապես մտահոգված է տարածաշրջանի բնակիչների համար, նա երբեւէ չէր առարկի Աղդամ-Խանքենդի (Ակնա-Ստեփանակերտ-խմբ․) ճանապարհի օգտագործմանը Ղարաբաղի շրջան ապրանքներ ուղարկելու նպատակով։ Այս ճանապարհը միանում է տրանսպորտային հիմնական հանգույցներից մեկին Ադրբեջանում, որ հայտնի է որպես մետաքսի ճանապարհ կամ Մ2 մայրուղի, որը հուսալի կապ է միջազգային շուկաների հետ։

Այսօր Աղդամ այցելած՝ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետները, այդ թվում ՄԱԿ-ի կառույցների ներկայացուցիչներ հնարավորություն ունեցան ականտես լինելու, որ ճանապարհն աշխատում է եւ պատրաստ է աշխատանքի։ Ձեր սեղաններին դրված այս  քարտեզին ակնհայտ երեւում է իրագործելիությունը, միջազգային օդանավակայանները, Ադրբեջանի տարածքում լոգիստիկան, բոլոր անհրաժեշտ աջակցության ձեւերը՝ կարիք ունեցող բնակիչներին օգնություն հասցնելու համար։

Նույնպես անհիմն են ցեղասպանության մասին կեղծ մեղադրանքները։ Հայաստանի մանիպուլյատիվ խաբեության արշավը, այդ թվում պարոն Լուիս Մորենո Օկամպոյի այսպես կոչված եզրակացությունը, որը ներկայանում է որպես անկախ փորձագետ, նրա պնդումներում առկա սխալները եւ թերությունները մանրամասնորեն բացահայտվել են միջազգային իրավունքի հայտնի փորձագետ պարոն Ռոդնի Դիքսոնի կողմից, նա զեկույց է հրապարակել, որում ընդգծում է, որ Օկամպոյի կարծիքը հիմնավոր եւ լիարժեք չէ, բազմաթիվ անճշտություններ է պարունակում, հիմք չկա պնդելու, թե ցեղասպանություն է ներկայումս կատարվում։

Ադրբեջանը հետամուտ է Ղարաբաղ շրջանի էթնիկ  հայազգի բնակիչների ինտեգրման քաղաքականությանը, նրանք հավասար քաղաքացիներ պիտի լինեն, պիտի երաշխավորվեն բոլոր իրավունքները եւ ազատությունները, որոնք նախատեսված են Ադրբեջանի սահմանադրությամբ եւ մարդու իրավունքների միջազգային բոլոր կիրառելի մեխանիզմներով, որոնք ստորագրել է Ադրբեջանը։
Մեր կողմից այս երկու ուղղություններով ընթացքը հաստատուն է, մենք հաստատուն ենք նաեւ պաշտպանելու մեր ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը՝ բոլոր իրավաչափ միջոցներով, որոնք նախատեսված են ՄԱԿ-ի կանոնադրությամբ եւ միջազգային իրավունքի նորմերով։ Մենք վստահ ենք, որ միջազգային հանրությունը, և նախ և առաջ ԱԽ-ն, կաջակցեն այս մոտեցմանը՝ հավասարապես հարգելով երկու երկրների իրավաչափ շահերը։ Երկու երկրները պետք է ճանաչեն եւ հարգեն միմյանց ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը։

Սոցցանցերը լի են բազմաթիվ տեսահոլովակներով եւ լուսանկարներով՝ Խանքենդիում (Ստեփանակերտում-խմբ․) բնակվող հայերը ծննդյան տոներ, հարսանիիքներ, այլ առիթներ են նշում, նրանց ամենալավն ենք մաղթում մենք, այս փաստերը հերքում են պնդումները սովի, տանջանքի եւ մարդասիրական ճգնաժամի մասին։ Մարդիկ երջանիկ են, պարում են իրենց հարսանեկան արարողությունների ժամանակ [․․․], եւ այլն»,- հայտարարեց Ադրբեջանի ներկայացուցիչը»,- ասաց Ադրբեջանի ներկայացուցիչը։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով