ԲԱՑՈւՄ քաղաքացիական նախաձեռնությունն այսօր՝ օգոստոսի 21-ին, 12:00-ից մարդու հիմնարար իրավունքների ու մարդասիրության վրա հիմնված խաղաղ միջոցով սկսում է փակել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, ինչն ահազանգ է միջազգային հանրությանը, որ Ադրբեջանը և իր հովանավորները Արցախի շրջափակումով ՄԱԿ-ի սահմանած աշխարհակարգի խարխլման գործընթաց են փորձում իրականացնել: Այս մասին նշված է նախաձեռնության ֆեյսբուքյան գրառման մեջ, որը նաև ընթերցվեց գրասենյակի դիմաց։
ԲԱՑՈւՄ քաղաքացիական նախաձեռնությոան համակարգող Նարեկ Այվազյանը հայտնեց, որ հավաքած սննդով ճանապարհը փակելը սիմվոլիկ նշանակություն ունի․ «Մենք այդ ամենով պատնեշ ենք սարքում, որ մեր ոստիկանությունը, ՄԱԿ-ի գրասենյակի հարգարժան աշխատակիցները մեզ վրա նույնիսկ օրինական ուժ չկիրառեն, քանի որ դրանք մեր բոլորի համար սրբություն են, հացը սրբություն է»։
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․
«Սա ահազանգ է հայ հանրությանը, որ աշխարհակարգի խարխլմանը հետևելու է Ադրբեջանի և իր հովանավորների կողմից բառացիորեն ցեղասպանության իրականացումը և այն տարածվելու է ամբողջ աշխարհով մեկ, որովհետև անպատիժելիությունը նախադեպ կդառնա մեր օրերում:
Եվ դրա կանխարգելման միակ ձևն առաջին փուլում Արցախը Հայաստանին կապող միջանցքի բացումն է և հումանիտար աղետի ու ցեղասպանության կանխումը: Ո՛չ տեղահանումը և հայրենազրկումը, ո՛չ Արցախի հայ ժողովրդի կամքը հպատակեցնելը, այլընտրանք առաջարկելով ու կեղծ ինտեգրացիաներով, չի կարող փրկել աշխարհակարգի տապալումը և հետագա ճգնաժամը:
Միջանցքը ճանաչված է բոլորի կողմից, և դա կենսական նշանակություն ունի 120000 մարդու համար: Խաղաղության հասնելու և էսկալացիաները տարածաշրջանում չեզոքացնելու միակ միջոցը բացումն է, որը չունի այլընտրանք:
Ի՞նչ պահանջներով ենք իրականացնում մեր խաղաղ անհնազանդությունը.
1. ՄԱԿ ԱԽ-ից պահանջում ենք բացել միջանցքը։
2. ՄԱԿ-ից պահանջում ենք հումանիտար բեռները տեղափոխել Արցախ:
3. ՄԱԿ-ից պահանջում ենք գրավոր պատասխանել մեր առաջին տված նամակին և վերջին նամակում ներառված հարցերի մասով ներկայացնել և՛ իրավիճակը, և՛ իրենց մոտեցումները:
4. ՄԱԿ ԱԽ-ից պահանջում ենք պատասխանատվության կանչել ցեղասպանություն իրականացնող Ադրբեջանի ղեկավարությանը»։