2023-08-21-99933e0e-74cf-4b52-a6c6-85d4baf6fe49.png

Ապաստան տրամադրող Հայաստան․ միջազգային պաշտպանություն հայցողների թիվն ավելացել է |hetq.am|

hetq.am: 2023 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում ապաստան ստանալու համար 440 անձ է դիմել։ Այս ցուցանիշը շուրջ 2 անգամ ավել է 2010-2022 թվականներին ապաստան հայցած անձանց թվի տարեկան միջնարժեքից (մեդիան)․ միջինում մեկ տարվա ընթացքում Հայաստանից ապաստան է խնդրում 225 մարդ, իսկ այս տարվա 6 ամսում դիմումներն արդեն կրկնակի են։

Այս դիմումները քննում է Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։ Հայաստանը ապաստան է տրամադրում օտարերկրյա այն քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց, որոնք հետապնդումների, արտաքին կամ ներքին սպառնալիքների պատճառով ստիպված են եղել լքել իրենց քաղաքացիության կամ մշտական բնակության երկիրը: Այս գործընթացը կարգավորվում է «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքով։

Նախորդ տարի՝ 2022-ին, ապաստան հայցողների թիվը 968 է եղել։ Վերջին տասնամյակում սա գրանցված ամենաբարձր ցուցանիշն է։ 2021-ի նկատմամբ ավելի քան 270% աճը հիմնականում պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմով․ նախորդ տարի ապաստան հայցողների ուղիղ կեսը՝ 484-ը, Ուկրաինայի քաղաքացիներ են եղել։

Առաջին հայացքից այս տարի տեմպն ընկել է, սակայն նախորդ տարվա նույն ժամանակահատվածում դիմումների թիվը ավելի քիչ է եղել՝ 364:

Ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների՝ այս տարվա հունվար-հունիս ժամանակահատվածում ապաստան հայցողների շարքում ամենից շատ Իրաքի քաղաքացիներ են՝ 131 հոգի։ 115 դիմումով երկրորդ տեղում Ուկրաինայի քաղաքացիներն են։ Հայաստանից ապաստան խնդրել է Ադրբեջանի 2 և Թուրքիայի 10 քաղաքացի։ Ադրբեջանի 1 և Թուրքիայի 2 քաղաքացու դիմում կարճվել է, 1-ի դիմումը՝ մերժվել։ Ընդհանուր առմամբ, դիմումներ եղել են 25 երկրների քաղաքացիներից։

Հունվար-հունիս ժամանակահատվածում Հայաստանում 179 օտարերկրյա քաղաքացի փախստական է ճանաչվել։ Այս ցանկում ամենաշատը Ուկրաինայի քաղաքացիներ են՝ 124 հոգի։ Փախստականի կարգավիճակ է տրամադրվել Իրաքի 23, Սիրիայի 12 քաղաքացիների։ Փախստական է ճանաչվել Պակիստանի 6 քաղաքացի։

Ավելի մանրամասն՝   hetq.am-ում։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն