Ասկերանում արցախցիները գիշեր-ցերեկ հերթապահություն են անցկացնում, որպեսզի թույլ չտան Ադրբեջանի տարածքից որևէ հումանիտար բեռ մտնի Արցախ: Այս մասին տեսաուղերձով հայտնեց ակցիայի մասնակից Դավիթ Եղիազարյանը:
«Կապ չունի, դա ռուսական բեռ է, ադրբեջանական բեռ է, թե ինչական, որովհետև այս տարբերակով լրիվ զրոյացվելու է ինչ-որ իրավական կարգավիճակ ունեցող Քաշաթաղի միջանցքի գոյությունը: Մեր նպատակը հիմա դա է, և ցանկալի է, որ նույն նպատակ ունեցող քաղաքացիները գան այստեղ, կամ ուրիշ ձւով հայտնեն իրենց դիրքորոշումը, քանի որ իշխանությունները հստակ դիրքորոշում ունեն ընդունելու, մեզ էլ փորձում են համոզեն: Մենք հասկանում ենք, որ սա ընդամենը ժամանակավոր բնույթ է կրելու, եթե բացվի էլ որոշ ժամանակով, ապա հետո ընդմիշտ փակվելու է և պարտադրելու են բեռների ընդունումը միայն Ակնայից»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի Հանրապետության իշխանությունները, ելնելով Ադրբեջանի կողմից իրականացվող լիակատար շրջափակման հետևանքով առաջացած սուր հումանիտար խնդիրները մեղմելու անհրաժեշտությունից, որոշել են թույլ տալ Ասկերան քաղաքով ռուսական բեռների մուտքը մեր հանրապետություն: