Արցախի իշխանությունը որոշել է թույլ տալ Ասկերան քաղաքով ռուսական բեռների մուտքը Արցախ
20:56 - 09 սեպտեմբերի, 2023

Արցախի իշխանությունը որոշել է թույլ տալ Ասկերան քաղաքով ռուսական բեռների մուտքը Արցախ

Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հանդես է եկել Արցախի Հանրապետությանը հումանիտար օգնություն տրամադրելու նախաձեռնությամբ՝ հաշվի առնելով մեր հանրապետությունում ստեղծված հումանիտար ճգնաժամը: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Օգնությունը, որը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ, օրերս Արցախ է ուղարկվել ռուսական Կարմիր խաչի միջոցով՝ այդ կազմակերպության մեքենաներով:

Արցախի Հանրապետության իշխանությունները, ելնելով Ադրբեջանի կողմից իրականացվող լիակատար շրջափակման հետևանքով առաջացած սուր հումանիտար խնդիրները մեղմելու անհրաժեշտությունից, որոշել են թույլ տալ Ասկերան քաղաքով ռուսական բեռների մուտքը մեր հանրապետություն:

Միաժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ Լաչինի միջանցքով վերականգնվելու են հումանիտար բեռնափոխադրումները ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից:

Ավելի վաղ ադրբեջանական Report-ը, վկայակոչելով Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերությանը, գրել էր, որ Ռուսական Կարմիր խաչի ընկերությունը սննդամթերքով և առաջին անհրաժեշտության պարագաներով լցված բեռնատար է ուղարկել Արցախ, ու այն Ադրբեջանի տարածքով շարժվում է դեպի Աղդամ:

Այսօր Արցախի նախագահի ընտրության համար հրավիրված ԱԺ հատուկ նիստի ժամանակ նախագահի թեկնածու, արդեն ընտրված նախագահ Սամվել Շահրամանյանը հայտարարել էր, որ Հայաստանի հետ ուղիղ կապ պետք է ունենանք Լաչինի միջանցքով, այլ ճանապարհներ կարող են գործարկվել, սակայն դրանք չպետք է փոխարինեն միջանցքին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել