«Տեքստի ձեւավորմանը Հայաստանի Հանրապետությունը որեւէ կերպ չի մասնակցել եւ քննարկումների կողմ չի եղել»․ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին․

«Քիչ առաջ ԼՂ պաշտոնական տեղեկատվական էջերից իմացանք, որ ԼՂ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ։ Սա վերաբերում է երեկ կեսօրից Ադրբեջանի կողմից մեկնարկած հարձակման արդյունքում բռնկված ռազմական գործողություններին։

Մենք ծանոթացանք տեքստին, ու քանի որ այդ տեքստի ձեւավորմանը Հայաստանի Հանրապետությունը որեւէ կերպ չի մասնակցել եւ քննարկումների կողմ չի եղել, առաջին նկատառումը հետեւյալն է, որ տեքստում հիշատակվում է ՀՀ զինված ուժերը եւ խոսվում է ԼՂ-ից ՀՀ զինված ուժերի մնացած ստորաբաժանումների մասին։

Առաջինը՝ այս փաստը մեզ համար այնքան էլ հասկանալի չէ այն պայմաններում, երբ բազմիցս ասել ենք, որ 2021-ի օգոստոսից ՀՀ-ն ԼՂ-ում բանակ չունի, բայց ամեն դեպքում մենք այս հայտարարությունը եւ ԼՂ իշխանությունների կողմից դրա ընդունումն ընդունում ենք ի գիտություն։

Հաջորդ խնդիրը, որին ուզում եմ անդրադառնալ, ԼՂ հայության անվտանգության հարցն է, եւ տրամաբանորեն ենթադրվում է, որ եթե խաղաղապահները նման առաջարկություն են արել, դա ինքնին նշանակում է, որ դրանք ամբողջությամբ եւ այլեւս առանց վերապահումների ընդունել են ԼՂ հայության անվտանգության ապահովման ամբողջական պարտավորությունը, ինչով պիտի լիարժեք պայմաններ ապահովեն, որպեսզի ԼՂ հայերը իրավունքը պահպանեն իրենց տներում, իրենց հողվի վրա ապրելու եւ ապրելու արժանապատիվ եւ անվտանգ։ Իմ ընկալումն այն է, որ այս հայտարարությամբ նաեւ այդ պատասխանատվությունն է ամբողջապես ստանձնում, չնայած մենք միշտ էլ այդ կարծիքին էինք, որ այդ պատասխանատվությունը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ըստ էության դրված է ՌԴ խաղաղապահ առաքելության վրա, բայց մենք հույս ունենք, որ նման քայլ անելով՝ ՌԴ խաղաղապահ զորախումբն ամբողջությամբ կկատարի իր պարտավորությունները, ինչի հետ կապված նախորդ շրջանում մենք ունեցել ենք որոշակի վերապահումներ։

Իմ արձագանքը նաեւ այն է, որ ՀՀ-ի հետ ըստ էության կապ չունեցող տեքստում ՀՀ-ի անունը հիշատակելն արդարացնում է իմ երեկվա վարկածը, մոտեցումը եւ գնահատականը, որ ԼՂ-ի դեմ հարձակման նպատակներից մեկը ՀՀ-ին ներքաշելն է ռազմական գործողությունների մեջ, եւ, իհարկե, ինձ համար գնահատականը մեկն է, որ եթե հնարավոր լիներ ՀՀ-ին ներքաշել ռազմական գործողությունների մեջ, դրա խորքային թիրախը պետք է լիներ ՀՀ անկախությունը եւ ինքնիշխանությունը։

Այս առումով իմ գնահատականն առնվազն նաեւ այսօրվա իրադարձությունների համատեքստում առնվազն գոյության շատ լուրջ իրավունք ունի, բայց դա ինչ-որ առումով նաեւ իմ գնահատակնն է եւ իմ համոզմունքը։

Ամեն դեպքում, կրկին ասում եմ, տեղի ունեցածը ընդունում ենք ի գիտություն եւ կշարունակենք հետեւել զարգացումներին։

Վերջին տեղեկատվությունը, որ ինձ հաջողվել է ստանալ ԼՂ-ից, այն է, որ ռազմական գործողությունների ինտենսիվությունը կտրուկ նվազել է, չենք կարող ասել, որ զրոյացել է, բայց կտրուկ զրոյացել է, եւ մենք հույս ունենք, որ ռազմական էսկալացիան չի շարունակվի, առավել եւս այս պայմաններում կայունությունը եւ ռազմական գործողությունների դադարը շատ կարեւոր է, եւ մենք կշարունակենք հետեւել իրադարձություններին եւ եթե լրացուցիչ գնահատական եւ ասելիք ունենանք, այն անպայման կկիսենք ձեզ հետ։

Հիմա ամենակարեւոր հարցն այն է, որ ԼՂ հայերի՝ իրենց տներում ապրելու իրավունքը լիարժեք կերպով ապահովվի ՌԴ կողմից, եւ գործնական առումով մենք կհետեւենք իրադարձություններին, իհարկե նաեւ որոշակի գուցե մտքերի փոխանակում կունենանք մեր միջազգային գործընկերների հետ այս իրադրության հետ կապված եւ լրացուցիչ ասելիք ունենալու դեպքում այն անպայման կկիսենք ձեզ հետ»։

Հիշեցնենք, որ Արցախի իշխանություններն ընդունել են կրակի դադարեցման վերաբերյալ ՌԴ խաղաղապահ զորակազմի առաջարկությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն