«Մի շարք ուժեր ուզում են ՀՀ-ին ներքաշել լայնածավալ ռազմական գործողությունների մեջ»․ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը
16:29 - 19 սեպտեմբերի, 2023

«Մի շարք ուժեր ուզում են ՀՀ-ին ներքաշել լայնածավալ ռազմական գործողությունների մեջ»․ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ հեռարձակմամբ անդրադարձել է Արցախի շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակմանը։

Ստորեւ ներկայացնում ենք Փաշինյանի ելույթն ամբողջությամբ․

«Այսօր՝ ժամը 13։00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը սկսել է Լեռնային Ղարաբաղի՝ ըստ էության ամբողջ տարածքի հրետակոծությունը, եւ նաեւ որոշ ժամանակ անց սկսել են գործողություն ԼՂ շփման գիծը խախտելու եւ ԼՂ-ում դիրքեր, որոշ տեղեկությունների համաձայն՝ նաեւ բնակավայրեր վերահսկողության տակ առնելու ուղղությամբ։

ԼՂ-ի հետ մենք, իհարկե, կապի մեջ ենք, բայց կապի որոշակի խնդիրներ կան, բայց ընդհանուր տեղեկությունը դա է, որ սկզբից ամենատարբեր, այդ թվում՝ ռեակտիվ հրետանային միջոցներով հարվածներ են հասցվել ԼՂ տարածքին, այնուհետեւ մի քանի ուղղություններից ցամաքային գործողություն են սկսել ընդդեմ ԼՂ-ի։

Այս ընթացքում, իհարկե, Ադրբեջանը նաեւ գործողությունների տեղեկատվական ուղեկցում է իրականացնում, մեզ համար տարօրինակ եւ տարակուսելի էր տեղեկությունը, որ Ադրբեջանն այդ գործողությունների մեկնարկի մասին տեղյակ է պահել պաշտոնապես ՌԴ-ին, իհարկե, սա Ադրբեջանի վարկածն է, տեղեկատվությունն է, սրա վրա ուզում եմ ուշադրություն հրավիրել, սակայն փաստն այն է, որ մենք այդ գործողության մասին ՌԴ մեր գործընկերներից որեւէ տեղեկություն չենք ստացել։

Իհարկե, նաեւ ասել, որ այս իրադրությունն անկանխատեսելի էր, չի կարելի, որովհետեւ ինչպես նախորդիվ ասել եմ Կառավարության նիստերում, մենք տեսնում էինք իրադրության լարումը, նաեւ այսօր ԱԳՆ հայտարարության մեջ այդ ընդգծումը կար, որ երեկ Ադրբեջանի ԱԳՆ-ում տեղի ունեցած հանդիպումը Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների հետ ԼՂ դեմ ռազմական գործողությունների դիվանագիտական նախապատրաստություն էր, եւ փաստորեն, դա արդարացվեց։

Իհարկե, մենք անմիջապես ԱԽ ընդլայնված նիստ ենք հրավիրել ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի մասնակցությամբ, քննարկել ենք իրադրությունը, պիտի արձանագրենք, որ այսպիսով Ադրբեջանն ըստ էության մեկնարկել է ԼՂ հայությանն էթնիկ զտումների ենթարկելու ցամաքային օպերացիան։

Ինչպես ԱԳՆ հայտարարության մեջ նշված է, մենք կարծում ենք, որ առաջինը՝ ՌԴ խաղաղապահ ուժերը պետք է միջոցներ ձեռնարկեն, երկրորդը՝ ՄԱԿ-ի ԱԽ-ն նույնպես միջոցներ ձեռնարկի։

Իհարկե, այս ընթացքում արդեն կան մեկնաբանություններ, ցավոք, որոնք փորձ են անում այս տեղի ունեցող գործընթացը կապել Հայաստանի այս կամ այն որոշման հետ։ Բայց ուզում եմ եւս մեկ անգամ կրկնել այն, ինչ բազմիցս ասել եմ, ՀՀ-ն որեւէ մեկին ԼՂ-ում էթնիկ զտումներ իրականացնելու մանդատ չի տվել, եւ մեր մշտական խնդիրը եղել է եւ շարունակում է մնալ ԼՂ հայության իրավունքների եւ անվտանգության ապահովումը, եւ դա է եղել մշտապես մեր օրակարգում։

Տարօրինակ եմ համարում Ադրբեջանի այն հայտարարությունը, թե մարդասիրական միջանցք են թողնելու խաղաղ բնակչությանը՝ ԼՂ-ն լքելու համար։ Սա էթնիկ զտումների ուղիղ գործողություն է, որովհետեւ, իսկ ի՞նչ է տեղի ունենում․ եթե իրենք հայտարարում են, որ տեղի է ունենում այսպես կոչված հակաահաբեկչական գործողություն, եւ քաղաքացիական ենթակառուցվածքներին եւ քաղաքացիներին հարված չի հասցվում, այդ դեպքում հարց է ծագում՝ ինչո՞ւ են նրանք հայտարարում մարդկանց ԼՂ-ից դուրս գալու համար մարդասիրական միջանցք բացելու մասին։ Եթե նրանց ասածն իրականության հետ կապ ունենար, ընդհակառակը՝ պիտի հորդորեին քաղաքացիներին պատսպարվել, մնալ ապաստարաններում եւ դուրս չգալ այնպիսի վայրեր, որտեղ նրանք ակամա կարող են խոցվել։ Եւ այս տրամաբանությունը, որը զարգացնում է Ադրբեջանը, ակնհայտորեն ցույց է տալիս էթնիկ զտման կոնկրետ գործողության մեկնարկ։

Բայց ես ուզում եմ գնահատել իրադրությունը Հայաստանի տեսակետից․ նախ ասեմ, որ այս պահի դրությամբ Հայաստանի սահմանների երկայնքով իրադրությունը հարաբերականորեն կայուն է, այսինքն՝ իրադրության տեսանելի եւ էական փոփոխություն չունենք։ Բայց ինչպես ասել եմ եւ հիմա ասում եմ, այս գործողության հիմնական առանցքային թիրախը եւ նպատակը Հայաստանի Հանրապետությանը ռազմական գործողությունների մեջ ներքաշելն է։

Էսօր մի շարք ադրբեջանական լրատվամիջոցներ, նաեւ պաշտոնական, կամ իշխանությունների հետ կապ ունեցող, տեղեկություններ են տարածում, որ իրենք հարվածներ են հասցնում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումների ուղղությամբ՝ նկատի ունենալով ԼՂ-ն։ Եւ ցավոք այս նույն տեղեկատվությունը կրկնում են նաեւ մեր մի շարք գործընկերներ, որոնք ասում են, որ «Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները»։ Ուզում եմ արձանագրել, որ ՀՀ-ն ռազմական գործողությունների մեջ ներքաշված չէ, եւ ուզում եմ հերթական անգամ արձանագրել, որ ՀՀ-ն ԼՂ-ում բանակ չունի։

Նաեւ մեր հանրության ուշադրությունն եմ ուզում հրավիրել ներքին եւ արտաքին մի շարք ուժերի վրա, որոնք անպայմանորեն ուզում են, որ Հայաստանը ներքաշեն լայնածավալ ռազմական գործողությունների մեջ։ Դա տեսանելի է, եւ մենք մեր դիրքորոշմամբ արձանագրում ենք, որ ՀՀ-ին ռազմական էսկալացիայի մեջ ներքաշելու փորձերը մեզ համար անընդունելի են, եւ մենք կառավարելու ենք այս գործընթացը, ինչքան էլ հասկանում ենք, սիրելի ժողովուրդ, այս իրադրությունում մեր բոլորի զգացողությունների էմոցիոնալ եւ բազմաթիվ այլ խնդիրներ, բայց մենք չպետք է հնարավորություն տանք, որ որոշ մարդիկ, որոշ ուժեր, արտաքին, նաեւ ներքին, Հայաստանի պետականությունը դնեն հարվածի տակ։

Ցավոք, պիտի արձանագրեմ, որ ինչպես եւ սպասվում էր, հիմա արդեն տարբեր տեղերից հնչում են ընդհուպ Հայաստանում հեղաշրջում իրականացնելու կոչեր։ Հայաստանի պետականությունը եւ պետությունն այս պայմաններում պետք է արձագանքի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ Բայց, իհարկե, այս իրավիճակում շատ մեծ բան է կախված ՀՀ քաղաքացիներից, ՀՀ ժողովրդից, որոնք, իմ խոր համոզմամբ, պիտի սթափ, սառը վերաբերվեն ստեղծված իրավիճակին, ինչքան էլ դա դժվար է։

Պիտի կռահեք, որ ինչքան դժվար է յուրաքանչյուրի համար, առնվազն նույնքան դժվար է նաեւ ինձ համար, ԱԽ անդամների համար, երկրի ղեկավարության համար, բայց մենք այս պահին որեւէ չհաշվարկված, որեւէ կտրուկ, արկածախնդրային գործողություն չպետք է իրականացնենք։

Իհարկե, ես հասկանում եմ նաեւ, որ տեղեկատվության որոշակի պակաս կա, եւ տեղեկատվության պակասը նաեւ պայմանավորված է նրանով, որ ԼՂ-ում հրետանային հարվածների պատճառով կապի հանգույցներ են վնասված, եւ այդ պատճառով տեղեկատվության հոսքի որոշակի դժվարություններ կան։ Բայց, այնուամենայնիվ, կարծում եմ մեր լրատվամիջոցները, մարմինները ըստ հնարավորի կապի մեջ են ԼՂ-ի հետ, եւ նրանց հումանիտար բնույթի աջակցություն ցույց տալու համար անհրաժեշտ միջոցները կձեռնարկեն ըստ իրավիճակի։

Կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում եմ չտրվել սադրանքների, պահպանել սառնասրտություն, հետեւել պաշտոնական լրահոսին։ Իհարկե, բոլոր հնարավոր միջոցները կձեռնարկվեն, որպեսզի ՀՀ ժողովուրդը պատշաճ կարգով բոլոր իրադարձություններից տեղեկացված լինի, եւ, իհարկե, շատ կարեւոր է, որ ՀՀ-ում լիարժեք կարգով գործի իրավակարգը եւ պահպանվի կայունությունը, որովհետեւ բոլորիս հասկանալի է, որ իրավակարգի եւ կայունության խաթարումը հենց այն նպատակն է, որ իրենց առաջ դրել են այն ուժերը, որ գործում են եւ նպատակադրված են գործել ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Ըստ անհրաժեշտության, նաեւ ես անձամբ, ձեզ տեղեկատվություն կտամ իրադրության վերաբերյալ, իրադրության իմ գնահատակնները կկիսեմ ձեզ հետ, նաեւ պետական մարմինները հանդես կգամ համապատասխան հայտարարությամբ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել