Ադրբեջանական MeydanTV-ն գրում է, որ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով «ադրբեջանական կողմն ունի 199 զոհ»։ Այս թիվը ԶԼՄ-ն հավաքագրել է սոցցանցերից, հարազատներից ու գյուղական գրասենյակների ներկայացուցիչներից ստացված տվյալների հիման վրա։
Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն զոհերի պաշտոնական թիվ չի ներկայացրել։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից ԼՂ-ի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Հայկական կողմն ոայս պահի տվյալներով ունի առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր։ Նրանց թվում նաև քաղաքացիական անձինք են:
Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ։ Սեպտեմբերի 21-ին Եվլախում կայացավ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը, երկրորդ հանդիպումը տեղի ունեցավ սեպտեմբերի 25-ին Իվանյանում (Խոջալու):
Սեպտեմբերի 24-ին հայտարարվեց, որ ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստան կիրականացվի այն ընտանիքների տեղափոխումը, որոնք վերջին ռազմական գործողությունների հետևանքով մնացել են անօթևան և հանրապետությունից դուրս գալու ցանկություն են հայտնել։
Սեպտեմբերի 26-ին ժամը 08:00 դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 13 550 անձ: