ԼՂ հայության ելքը Ադրբեջանի կողմից իրագործվող էթնիկ զտումների քաղաքականության արդյունքում, շարունակվում է։ Այս մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը նշեց՝ վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջիկա օրերին ԼՂ-ում այլևս հայ չի մնա։
«Սա էթնիկ զտման ու հայրենազրկման ուղղակի ակտ է, և այն, ինչի մասին մենք երկար ժամանակ ահազանգում էինք միջազգային հանրությանը։
Միջազգային հանրության տարբեր խաղացողների կողմից ԼՂ-ում տեղի ունեցող էթնիկ զտումները դատապարտող հայտարարությունները կարևոր են, բայց եթե դրանց չհետևեն կոնկրետ գործողություններ, այդ հայտարարությունները ընդամենը պատմության համար բարոյական վիճակագրություն ստեղծելու շարքում կդիտվեն, որպեսզի հետագայում տարբեր երկրներ իրենց այս հանցագործությունից ֆորմալ առումով տարանջատելու հնարավորություն ունենան՝ ասելով, թե մենք դատապարտել ենք»,- նշեց Փաշինյանը։
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ եթե դատապարտման մասին հայտարարություններին համարժեք քաղաքական և իրավական բնույթի որոշումներ չեն հետևում, դատապարտումները դառնում են տեղի ունեցողին համաձայնելու ակտեր։
«Ինչ վերաբերում է ՀՀ կառավարությանը, մեր այսօրվա առաջնային պարտքն է հնարավորինս հոգատար կերպով ընդունել ԼՂ-ց բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին ու ապահովել նրանց ամենահրատապ կարիքները»,- ասաց Փաշինյանը։
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նիստին զեկուցեց, որ ժամը 10:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 66 500 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։