Արձանագրում ենք, որ անցակետում և մինչև անցակետը տեղի են ունենում կամայական ձերբակալություններ Ադրբեջանի կողմից, ինչը չափազանց անհանգստացնող փաստ է։ Այս մասին կառավարության այսօրվա նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր պետական մարմինները բոլոր նման դեպքերում պետք է համարժեք քայլերի դիմեն կամայական ձերբակալված անձանց իրավունքները պաշտպանելու [համար], այդ թվում՝ միջազգային ատյաններում։ Եվ սա պետք է լինի մեր օրակարգում այնքան ժամանակ, մինչև այդ հարցերը հասցեագրված չեն պատշաճ ձևով»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ երեկ սահմանին ձերբակալվել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, երբ փորձել է Արցախից գալ Հայաստան։
Իսկ այսօր Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը հայտնեց, որ ընդգրկված է Ադրբեջանի սև ցուցակում, և ադրբեջանական կողմը պահանջել է իր ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։ Հետևաբար ինքը Ստեփանակերտից կգնա Շուշի։
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 25-ին, Ադրբեջանը հայտնեց, որ ամսի 19-ին ականի պայթյունից Ադրբեջանի ՆԳՆ 4 աշխատակցի և 2 քաղաքացիական անձի մահվան մեջ կասկածվող արցախցիները «զինաթափվել և ձերբակալվել են հակաահաբեկչական միջոցառումների ընթացքում՝ 2023թ․ սեպտեմբերի 20-ին»։