azatutyun.am: Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցողը ղարաբաղյան հիմնախնդրով մասնագիտացած փորձագետ Թոմ դե Վաալը մեծ ողբերգություն է որակում։ Առաջին պատասխանատուն, ըստ դե Վաալի Ադրբեջանի, նախագահ Իլհամ Ալիևն է, իսկ նրան կանաչ լույս տվել է Ռուսաստանը։ Ղարաբաղի ղեկավարությունը դեռ հավատում էր, որ Մոսկվան իրենց չի վաճառի, բայց հենց դա էլ տեղի ունեցավ, «Ազատության» հետ զրույցում ասաց փորձագետը։
Թոմ դե Վաալի հետ հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
Հրայր Թամրազյան․- Որպես Լեռնային Ղարաբաղի աշխարհի ամենահայտնի հետազոտող, փորձագետ և պատմաբան, ի՞նչ ունեք ասելու նրա կործանման վերջին օրերի մասին: Ձեզ համար անակնկա՞լ էր ադրբեջանական զանգվածային հարձակումը։ Չէ՞ որ արևմտյան երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի կողմից արվել են այդքան նախազգուշացումներ և հայտարարություններ Ադրբեջանի ղեկավարին։ Բայց նա անտեսեց բոլորին։
Թոմ դե Վաալ․ – Սա մեծ ողբերգություն է։ Սա ըստ էության Լեռնային Ղարաբաղի վերջն է։ Մենք գիտենք, որ Լեռնային Ղարաբաղի պատմությունը սկիզբ է առնում 1923 թվականին, երբ այն առաջին անգամ հիմնադրվեց Խորհրդային Միությունում, բայց, իհարկե, հայկական Ղարաբաղի պատմությունը սկսվում է դրանից դարեր առաջ, ու նրա ապագան շատ անորոշ է։ Մենք տեսնում ենք, որ հայ բնակչությունը լքում է Ղարաբաղը։ Սա մեծ ողբերգություն է: Եվ մենք կարող ենք խոսել այն մասին, թե ով է պատասխանատու: Ակնհայտ է, որ առաջին պատասխանատվությունը կրում է նախագահ Ալիևը, որը ուժ կիրառեց: Բայց ակնհայտ է, որ դրանից զատ մենք կարող ենք հետ գնալ տարիներ առաջ՝ տեսնելու, թե ինչն է սխալ եղել: Արդյո՞ք սա անսպասելի էր: Ոչ, անսպասելի չէր։ Կարծում եմ՝ մարդիկ ամիսներ շարունակ անհանգստացած են եղել այս հարցով։ Մենք տեսում էինք, որ արևմուտքի դիվանագետները խոսում էր Բաքվի հետ, ասում էր, որ դա չանեն, ինչպես նաև խրախուսում էին Ղարաբաղի հայերին խոսել Բաքվի հետ: Կարծում եմ, որ այնտեղ բանակցություններն իրականում սկսվել էին։ Կարծում եմ՝ դրանք Շուշիում վարվող գաղտնի բանակցություններ էին։ Այսպիսով, դրանք իրականում առաջ էին ընթանում։ Հետո մենք պետք է հարցնենք, թե ինչը այնպես չգնաց։ Ակնհայտ է, որ նախագահ Ալիևն իր ձեռքում ուներ բոլոր խաղաքարտերը։ Նա ուներ Ղարաբաղ, որը լիովին մեկուսացված էր։ Այսպիսով, ինչո՞ւ նա համարձակվեց անտեսել Արևմուտքի հորդորները։ Նա գիտեր, որ դա անպայման կվնասի իր հարաբերություններին Արևմուտքի հետ: Կարծում եմ՝ պատասխանը պարզ է։ Մոսկվայից նա կանաչ լույս ստացավ։ Նա խոսում էր Մոսկվայի հետ։ Գործողության օրը ռուս խաղաղապահները մի կողմ էին քաշվել։ Մոսկվան չդատապարտեց Ալիևին։ Նրանք դատապարտեցին Փաշինյանին։ Ալիևը կարողացավ ըստ էության գրավել Ղարաբաղը։ Կարծում եմ՝ սա մի սցենար էր, որից շատերը վախենում էին, հույս ունեին, որ հնարավոր է լինելու դրանից խուսափել, բայց մենք ունենք այն, ինչ ունենք:
Հրայր Թամրազյան․ – Համեմատաբար ազատ և արդար համաժողովրդական քվեարկության միջոցով ինստիտուտներ կառուցելու և իր կառավարություններն ընտրելուց հետո Լեռնային Ղարաբաղը կորցրեց ամեն ինչ ընդամենը մի քանի օրվա ընթացքում, փլուզվեց երեք տասնամյակ առաջ հաղթած Ադրբեջանի հարձակումների ներքո: Ի՞նչը սխալ գնաց։ Ի՞նչ պետք է արվեր, որպեսզի հնարավոր լիներ խուսափել, որպեսզի հնարավոր լիներ փրկել այն որպես ինքնավար մարզ։ Ի՞նչ տարբերակներ կային։
Թոմ դե Վաալ․ – Ինչպես ասացիք, Ղարաբաղն ուներ իր ինստիտուտները։ Այն ուներ իր խորհրդարանը, [Ստեփանակերտն ուներ] իր քաղաքապետարանը, նաև համալսարանը։ Սրանք բոլորը կառուցվել էին տարիների ընթացքում: Եվ ես ենթադրում եմ, որ նրանք բոլորը հիմա կանհետանան: Ով գիտի, թե ինչ է լինելու օրինակ համալսարանի հետ։ Ի՞նչ կարելի էր այլ կերպ անել։ Դե, ակնհայտորեն մենք գիտենք, որ ադրբեջանական կողմը ագրեսիվ մտադրություն ուներ։ Հայկական կողմում, կարծում եմ, դեռ պատրանք կար 2020 թվականի պատերազմից հետո, որ Ղարաբաղը կարող է նույն կերպ շարունակել։ Կարծում եմ, որ դա մեծ սխալ էր։ Կարծում եմ, որ 2020 թվականի պատերազմը պետք է սթափության զանգ լիներ, որ պետք է իջեցնել պահանջը, պետք է լրջորեն խոսել Ադրբեջանի հետ, սկսել խոսել ինքնավարության մասին, սկսել խոսել Ադրբեջանի հետ տնտեսական հարաբերությունների մասին։ 2020 թվականի պատերազմից պետք է հասկանային, որ սպառնալիքը շատ ավելի իրական է։ Այսպիսով, կարծում եմ, որ հենց դա էր սխալ: Ինչպես ասացի, ես լսել եմ աղբյուրներից, որ Ղարաբաղի իշխանությունները խոսում էին Բաքվի, Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, օրինակ, պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևի հետ, և այդ բանակցությունները Շուշիում տեղի էին ունենում մինչև ռազմական հարձակումը: Նրանք խոսում էին Բաքվի հետ, բայց դա արդեն մի քիչ ուշ էր։ Դա նշան էր, որ դրանից դեռ կարելի էր խուսափել, բայց կարծում եմ, որ հայկական կողմին ակնհայտորեն շատ հարցեր կան տալու։ Ինձ համար գլխավոր հարցը Ղարաբաղի ղեկավարության կողմից Ռուսաստանի նկատմամբ բավականին միամիտ վստահությունն է։ Նրանք դեռ հավատում էին, որ Մոսկվան իրենց չի վաճառի, բայց հենց դա էլ տեղի ունեցավ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում