Ասել, որ մենք Լեռնային Ղարաբաղին մենակ ենք թողել, դա հնարավոր ամենաանարդար մեղադրանքն է․ Նիկոլ Փաշինյան

Ասել, որ մենք Լեռնային Ղարաբաղին մենակ ենք թողել, դա հնարավոր ամենաանարդար մեղադրանքն է, որ կարող է ընդհանրապես հնչել։ Այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ 

«Ասել, որ մենք Լեռնային Ղարաբաղին մենակ ենք թողել, դա հնարավոր ամենաանարդար մեղադրանքն է, որ կարող է ընդհանրապես հնչել, բազմաթիվ հանգամանքների բերումով, որոնց  մասին էս ամբիոնից կարող եմ խոսել, եւ այլ հանգամանքների բերումով, որոնց մասին էս ամբիոնից չեմ կարող խոսել։ Վերջին երեք տարվա ընթացքում ՀՀ-ն ԼՂ-ին մի միլիարդ դոլարից ավելի ֆինանսավորում է ապահովել։ ԼՂ-ն, մեծ հաշվով, իմ վերլուծությունն այն է, որ այս ընթացքում, բլոկադայից առաջ, եւ այս ընթացքում, նաեւ վերլուծությունս թույլ է տալիս ասելու, որ ինքնապաշտպանության առումով, դա իմ կարծիքն է, որեւէ բանի պակաս չի ունեցել, որեւէ բանի պակաս չի ունեցել։

Ես չեմ ասել, որ մենք չենք միջամտելու, ես ասել եմ, որ նպատակը ռազմական գործողությունների մեջ ՀՀ-ին ներքաշելն է, եւ մենք ռազմական գործողությունների մեջ չենք ներքաշվելու, բայց մենք քաղաքական ամբողջական աջակցություն ենք ցուցաբերել ԼՂ-ին։ Եթե ձեր մղումը եւ նպատակադրումն այն է՝ իսկապես հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել եւ ինչ է տեղի ունենում, ես ողջունում եմ դա եւ կողջունեմ մի պայմանով, որ մենք իսկապես պետք է խորապես հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել եւ տեղի ունենում, եւ, այո, ուզում եմ ասել, որ այդ սադրանքի նպատակը եւ հիմնական թիրախը եղել է եւ ինչ-որ առումով շարունակում է մնալ ՀՀ-ն։

Եւ ես՝ որպես ՀՀ վարչապետ, կներեք, ինչքան էլ դա բան հնչի, առաջին հերթին իմ պարտականությունն է ՀՀ անվտանգությունը ապահովելը, այդ թվում՝ ԼՂ մեր քույրերի եւ եղբայրների սիրույն, որովհետեւ եթե ԼՂ-ին մի միլիարդից ավելի դոլար հատկացրած, մենակ վերջին երեք տարում, որովհետեւ պատկերացրեք, որ տեղ չլիներ, որտեղ նրանք կարողանային ապաստան գտնել, եւ պատկերացրեք, որ պետություն չլիներ, որ նրանց առաջնային կարիքը բավարարելու հնարավորություն ունենար։

Էսօր մենք ասում ենք, այո, որ մենք միջազգային օգնություն ենք ակնկալում, միջազգային օգնության կարիք ունենք, բայց էսօր ձեռ մեկնած աշխարհով ման չենք գալիս, թե մեզ երկու կոպեկ գցեք, որ մեր եղբարներն ու քույրերը սովահար չլինեն։ 

Այո, ես հայտարարել եմ, որ ԼՂ քաղաքացիական բնակչությանն ուղիղ վտանգ չի սպառնում, եւ իմ հայտարարությունը եւ մոտիվացիան եղել է այն մասին, որ այդ մարդկանց նկատմամբ սպառնալիքները չխտացնեմ։ Ես կարող էի էնպիսի հայտարարություն անել, որ այդ պայմաններում եւս երեք հարյուր հոգի մարդ զոհվեր, դրանից ոչ մի բան չէր փոխվելու, իմ խնդիրն էն չի եղել, որ հայտարարություն անեմ, որ երեք հարյուր մարդ ավելի զոհվի, իմ խնդիրը եղել է այն, անել հայտարարություն, որ որեւէ մեկի գլխից մազ չպակասի, եւ ես ուրախ եմ, որ գուցե նաեւ իմ հայտարարության շնորհիվ, այնուամենայնիվ, 105 հազարից ավելի մեր քաղաքացիներ դժվար, տառապալից, հոգեբանական ծանր վիճակում եկել-հասել են ՀՀ, եւ շատ դաժան է, ուրախ եմ, որ իրենց պատշաճ ընդունելու հնարավորություն ունենք էսօր»,-  ասաց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով էթնիկ զտման վերաբերյալ ՀՀ  դիրքորոշումները շատ հստակ են հնչել, եւ իր ելույթներում բազմիցս հնչել են, եւ ԱԳՆ հայտարարությունն արտահայտում է ՀՀ կառավարության դիրքորոշումը։

«Այն մարդիկ, որոնք էթնիկ զտման զոհ են դարձել, նրանցից շուրջ 105 հազարը կենդանի, իրենց ոտով եկել են ՀՀ, բայց դա չի նշանակում, որ նրանք  էթնիկ զտման զոհ չեն։ Իմ նախընտրությունը եղել է այն, որ թեկուզ մարդիկ էթնիկ զտման զոհ են, նրանք ողջ-առողջ գան-հասնեն ՀՀ։ Եւ ոչ թե ես այդ խոսույթը ուժեղացնելու համար նենց բաներ անեմ, որ մարդիկ կամ նրանց մի հսկայական մասը զոհված գա-հասնի ՀՀ, որ ես արյունոտ լուսանկարներ ունենամ ցույց տալու։ Ես հասկանում եմ, որ կարող ա ձեր մոտեցումը մի փոքր այլ ա, դուք ընդհանրապես միշտ էլ նախընտրում եք, պատերազմից հետո էլ, անընդհատ առանց որեւէ փաստի ասում էիք՝ յոթ հազար զոհ կա, տասը հազար զոհ կա, դա գուցե ինչ-որ մարդկանց մխիթարում ա, բայց ես այդ մոտեցմանը համաձայն չեմ, էլ չեմ ասում, որ կա ՌԴ խաղաղապահ զորախումբը ԼՂ-ում, որը այնտեղ տեղավորվել է այդ թվում իմ ստորագրությամբ եւ որի այնտեղ ուղարկելու առաքելությունը, նպատակը, պատասխանատվությունը ԼՂ-ում քաղաքացիական բնակչության սպանդը կանխարգելելն է»,-  հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն