tert.am: Ի գիտություն ենք ընդունում, որ նախագահ Ալիևը չի մասնակցի Գրանադայում առաջարկվող հանդիպմանը։ Այս մասին հայտարարել է Պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը:
«Մենք մշտապես պարզ ասել ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունն էական նշանակություն ունի այս երկարատև հակամարտությունը կարգավորելու համար… Մենք շարունակում ենք հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը շարունակում է աներևակայելի կարևոր լինել Հարավային Կովկասում արժանապատիվ և կայուն խաղաղություն գտնելու համար։ Ահա թե ինչու պետքարտուղարն անձամբ է այսչափ ներգրավված՝ շարունակելով խոսել երկու երկրների գործընկերների և զրուցակիցների հետ», – ասել է Պատելը։
Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Իսպանիայի Գրանադա քաղաքում պետք է կայանար Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, ԵՄ-ի առաջնորդների հնգակողմ հանդիպումը։ Սակայն հոկտեմբերի 4-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը իր մասնակցությունը չեղարկել է։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ պատճառն այն էր, որ ադրբեջանական կողմը պնդել է նաև Թուրքիայի մասնակցությունը, սակայն Ֆրանսիան և Գերմանիան առարկել են։
Նշենք նաև, որ երեկ՝ հոկտեմբերի 4-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հաստատեց հնգակողմ հանդիպումը չեղարկելու վերաբերյալ լուրերը՝ միաժամանակ հայտարարելով, որ Գրանադայում շրջադարձային նշանակության փաստաթուղթ ստորագրելու հնարավորություն կար։