tert.am: Միացյալ Նահանգները ողջունում է Թուրքիայի արդյունավետ դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
«Այս թեման ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի բոլոր քննարկումների մասն է: Մենք ողջունում ենք Թուրքիայի արդյունավետ դերն այս հակամարտության կարգավորման հարցում: Մենք համաձայն ենք Ֆիդանի այն խոսքերի հետ, որ խաղաղությունը հնարավոր է: Միացյալ Նահանգները սատարում է երկու կողմերի ուղիղ բանակցություններին՝ խաղաղության հասնելու համար»,- ասել է Միլլերը:
Հիշեցնենք՝ Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ եթե Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները կարգավորվեն, անմիջապես կկարգավորվեն նաև Թուրքիայի հարաբերությունները Հայաստանի հետ. «Այժմ խաղաղության համաձայնագրով պետք է սկսվի տարածաշրջանի բարգավաճումն ու զարգացումը։ Մենք կարծում ենք, որ տարածաշրջանում պատերազմի ու հակամարտությունների տեղ չկա։ Թուրքիան միշտ աջակցում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը», – ասել էր Ֆիդանը։