Ստամբուլի Սուրբ Մարիամ եկեղեցում հրաձգության առնչությամբ ձերբակալվել է 47 մարդ, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի |tert.am|

tert.am: Թուրքիայի ոստիկանությունը հունվարի 28-ին Ստամբուլի կաթոլիկ եկեղեցում տեղի ունեցած հրաձգությանն առնչություն ունենալու կասկածանքով ձերբակալել է 47 մարդու, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացու։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրագրողներին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Էրլիքայան։

Նրա խոսքով՝ ձերբակալվածները տեղափոխվել են անվտանգության վարչություն, որտեղ նրանցից ապացույցներ կվերցվեն՝ կապված միջադեպին նրանց հավանական մասնակցության հետ։

«Ստամբուլը դարեր շարունակ տուն է եղել տարբեր դավանանքների ներկայացուցիչների համար, և այդպես էլ կլինի: Մենք երբեք չենք հանդուրժի նրանց, ովքեր փորձում են խաթարել մեր երկրում խաղաղությունն ու անդորրը: Եկեղեցու վրա զինված հարձակման գործի հետաքննության շրջանակում գործողություններ են իրականացվել 30 հասցեներում, ձերբակալվել է 47 մարդ, այդ թվում՝ Ռուսաստանի և Տաջիկստանի մեկական քաղաքացի, որոնք կարող են կապված լինել «Իսլամական պետության» հետ»,- ասել է նա։

Դեպքը տեղի է ունեցել հունվարի 28-ին տեղական ժամանակով մոտավորապես 11:40-ին Ստամբուլի Սարիեր շրջանի Սուրբ Մարիամ կաթոլիկ եկեղեցում։ Երկու դիմակավորված անձ պատարագի ժամանակ կրակ են բացել, ինչի հետևանքով սպանվել է Թուրքիայի քաղաքացի։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավելի վաղ հավաստիացրել էր, որ հարձակման մասնակիցները 24 ժամվա ընթացքում կձերբակալվեն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն