Արտահանման աճին մեծապես նպաստել են կոնյակն ու գինին |lragir.am|

lragir.am: Այս տարվա հունվար-նոյեմբերին արտահանման բարձր ցուցանիշների վրա մեծ ազդեցություն է ունեցել գինու և կոնյակի արտահանման ցուցանիշների աճը: Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Ինչպես տարեսկզբին կանխատեսում էինք, որոշ ապրանքախմբերի գծով ունեինք դրական ցուցանիշների դինամիկա: 11 ամիսների ընթացքում մենք ունենք կոնյակի արտահանման աճ մոտ 27 տոկոսով, համարում ենք սա շատ կարևոր, որովհետև ուղիղ ձևով սա ապահովում է նաև մեր գյուղատնտեսական ոլորտի զարգացումը: Գինիների արտահանումն այս 11 ամիսների ընթացքում հանրագումարով աճել է մոտ 50 տոկսով:

Սա նոր զարգացում է մեր տնտեսության մեջ, նախորդ տարիների ընթացքում չի եղել: Այն, որ այս տարվա 112 ամիսներին մենք ունենք 24 մլն դոլար գինիների արտահանում, որը 50 տոկոսով ավելին է, քան նախորդ տարվա ցուցանիշը, շատ հուսադրող ցուցանիշ է: Հատկապես նկատելի է, որ մրգային գինիների աճը կազմել է 75 տոկոս:

Այսինքն՝ մենք այս ոլորտում ունենք զգալի ձեռքբերում»,- ասաց նախարարը: Նրա խոսքով՝ աճել է նաև բուսական ծագման արտադրանքի արտահանումը՝ 18.5 տոկոսով: Այս տարվա ընթացքում շոկոլադի արտադրանքի արտահանումը մոտ 15 տոկոսով աճել է, ինչը նոր զարգացում է մեր տնտեսությունում:

«Ես այս ամենն ամփոփելով՝ կարծում ենք, որ մենք տարին պետք է փակենք առնվազն 7.5 տոկոս տնտեսական աճով, և մեր արտահանումը տարեկան կլինի առնվազն 10 տոկոս: հիմա արդեն կարող ենք ասել, որ այդ ցուցանիշները շատ իրատեսական են»,- հավելեց նախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ սրանք լավ ցուցանիշներ են և ի վերջո արձանագրում են, որ այն գաղափարախոսությունը, որը կառավարությունը դրել է զարգացման հիմքում, ռեալ աշխատում է:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ գինու արտահանման ցուցանիշները շատ կարևոր են: «Բայց ես ուզում եմ ուշադրություն հրավիրել մրգային գինիների արտահանման ցուցանիշներին: Ընդ որում, ամենախոշոր աճ ցույց տվող ոլորտն է՝ 11 ամսվա կտրվածքով 75 տոկոս:

Ինչո՞վ է հետաքրքիր այս ոլորտը, որովհետև կարծում եմ, որ Հայաստանում նոր բրենդի, նոր խմիչքի ձևավորման պրոցես է տեղի ունենում: Աշխարհում մրգային գինիներն այնքան էլ տարածված չեն, և փաստորեն այս ցուցանիշները ցույց են տալիս, որ իրենք կարող են առնվազն բավական լուրջ հետաքրքրություն առաջացնել արտաքին շուկայում»,- ասաց նա:

Ըստ վարչապետի շատ կարևոր է ելակի ու վարունգի արտահանման ցուցանիշները, որովհետև սա ըստ էութան համընկնում է գյուղատնտեսության արդյունաբերականացման՝ կառավարության տեսլականի հետ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով