Սակայն, ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ հայտարարատու պաշտոնյաների համար սահմանված ուղեցույցի, բաժնային սեփականության ձեռքբերման դեպքում «Ձեռք բերված անշարժ գույքի գինը» դաշտում անհրաժեշտ է լրացնել ոչ թե ամբողջ գույքի գինը, այլ միայն այն գումարը, որը վճարվել է մասնաբաժինը ձեռք բերելու համար։
«Համատեղ կամ բաժնային սեփականությամբ հայտարարատուին պատկանող գույքի ձեռքբերման գործարքները գրանցելիս՝ հայտարարատուն «Ձեռքբերման արժեքը» դաշտում նշում է գույքի միայն իրեն պատկանող մասի արժեքը, բացառությամբ ամուսինների համատեղ սեփականության առարկա հանդիսացող գույքի»,- նշված է ուղեցույցում։
Այնուամենայնիվ, արձագանքի բացակայության պայմաններում, առաջնորդվելով պաշտոնյաների կողմից հայտարարագրերի լրացման ուղեցույցները ոչ պատշաճ ուսումնասիրելու կանխավարկածով, խմբագրությունը հանրությանն է ներկայացրել այս երկու գույքերի ձեռքբերման համար անհրաժեշտ միջոցների հաշվարկման երկու տարբերակ․
- եթե հայտարարագրում որպես գույքի գին նշված է միայն Գարիկ Սարգսյանի գնած մասնաբաժնի գինը, ապա այս ծախսը մի քանի անգամ ավելին է, քան նրա հայտարարագրած (օրինական) եկամուտները։
- Եթե Գարիկ Սարգսյանը հայտարարագրել է ամբողջ գույքի գինը, ապա ստացած նվիրատվությունների օգնությամբ նա կկարողանար ձեռք բերել այդ գույքը։
Այսպիսով, Գարիկ Սարգսյանը «Ինֆոքոմի» խմբագրությանը մեղադրում է ավելորդ շտապողականություն դրսևորելու և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հրապարակելու մեջ այն պարագայում, երբ ինքն անձամբ է հայտարարագրման ենթակա տվյալները սխալ լրացրել, ինչպես նաև համայնքային հեռախոսահամարներով իր կամ համայնքային պաշտոնյաների հետ պատշաճ կապի հնարավորություն չի ապահովել և հարցերը գրությամբ ներկայացնելու պայմանավորվածությունից հետո արձագանքի համար տրված ժամկետում չի օգտվել իր արձագանքի հնարավորությունից։
«Ինֆոքոմը» առաջիկայում կանդրադառնա նաև խոշոր չափի նվիրատվություններ ստացող այլ պաշտոնատար անձանց ևս։