azatutyun.am: ԵՄ առաքելության տեղակայումը Հայաստանի տարածքում պայմանական սահմանին սրում է իրավիճակը, հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վալիևը աշխատանքային այցով Բաքվում գտնվող ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի գլխավոր տնօրեն, գեներալ-լեյտենանտ Յանուշ Ադամչակի հետ հանդիպման ժամանակ։
Օրկու օր առաջ ադրբեջանական պաշտպանության նախարարության հետ առնչություն ունեցող «Կալիբեր» լրատվամիջոցը հեռադիտակով պարեկություն իրականացնող դիտորդների կադրեր էր հրապարակել ու պնդել, թե նրանք «հատուկ տեխնիկայի միջոցով դիտարկում են Ադրբեջանի տարածքը»։ Ավելին՝ լրատվամիջոցը կասկածի տակ էր դրել դիտորդների անաչառությունը, նաև պնդել՝ «կարծես թե սադրանք է նախապատրաստվում»։
ԵՄ առաքելությունն անհիմն է համարել «կողմնակալության» և «սադրանքներ նախապատրաստելու»՝ ադրբեջանական կողմի մեղադրանքները՝ շեշտելով․ – «Անկողմնակալությունը մեր հիմնական սկզբունքն է և այն հստակ ամրագրված է մեր մանդատի մեջ»։
ԵՄ դիտորդները Հայաստան են ժամանել 2023-ի փետրվարին։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Վալիևն այսօր ասել է, թե «Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը, ինչպես նաև տարածաշրջանից դուրս որոշ երկրների, մասնավորապես, Ֆրանսիայի կողմից Հայաստանի զինումը, հանգեցրել են Հայաստանում ռևանշիստական ուժերի ակտիվացմանը, խոչընդոտներ ստեղծել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ու խաղաղ գործընթացին՝ սրելով իրավիճակը Հարավային Կովկասում»։