Ադրբեջանը ՀՀ-ի դեմ հայց է ներկայացրել Հաագայի արբիտրաժային դատարան |factor.am|

factor.am: Ադրբեջանը Հայաստանի դեմ հայց է ներկայացրել Հաագայի մշտական ​​արբիտրաժային դատարան՝ «Եվրոպական վայրի բնության և բնական միջավայրերի պահպանման մասին» («Բեռնի կոնվենցիա») 1979թ. կոնվենցիայի հիման վրա։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Նշվում է, որ հայցը ներկայացվել է փետրվարի 12-ին։ Փաստաթղթում խոսվում է, իբր, «Բեռնի կոնվենցիայով Հայաստանի կողմից ստանձնած իրավական պարտավորությունների բազմաթիվ խախտումների մասին»։

2023 թվականի հունվարի 18-ին Ադրբեջանը Հայաստանին արբիտրաժային ծանուցում է ուղարկել, իբր, ապացույցների հիման վրա արբիտրաժային վարույթ սկսելու մասին։ 2023-ի սեպտեմբերի 15-ին հաստատվել է արբիտրաժային տրիբունալի կազմը, իսկ 2024-ի ապրիլի 12-ին Հաագայի Խաղաղության պալատում կայացել են Ադրբեջանի և Հայաստանի միջև առաջին լսումները։

Բաքուն հայտարարում է, թե «Հայաստանից պահանջում է ամբողջական փոխհատուցում բնակավայրերի  և վայրի բնության զանգվածային ոչնչացման համար, այն գործողությունների համար, որոնք բացասաբար են ազդել ադրբեջանական տարածքների վայրի բնության հարյուրավոր տեսակների և կենսամիջավայրերի վրա, ներառյալ՝ լայնածավալ անտառահատումները, էկոլոգիապես անարդյունավետ ծառահատումները, հանքարդյունաբերությունը և հիդրոէլեկտրակայանների կառուցումը»։

«Ադրբեջանը կշարունակի իր գործունեությունն արդարության ապահովման ուղղությամբ և միջազգային պատասխանատվության կենթարկի Հայաստանին օկուպացիայի ժամանակ շրջակա միջավայրի, կենդանիների տեսակների և բնակավայրերի ոչնչացման ու պաշտպանությանն ուղղված միջոցներ չձեռնարկելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter