Սթարմերը հայտարարել է, որ պատրաստ է զորքեր տեղակայել Ուկրաինայում |azatutyun.am|

azatutyun.am: Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ ինքը «պատրաստ է և ցանկանում է» բրիտանական զորքեր տեղակայել Ուկրաինայում՝ օգնելու խաղաղ համաձայնագրի իրականացմանը, որը, նրա խոսքով, հնարավորություն կտա դադարեցնելու ռազմական գործողությունները։

Փետրվարի 16-ին Daily Telegraph-ում հրապարակված հոդվածում Սթարմերը նշել է, որ որոշումը «հեշտ» չի ընդունել, սակայն կարծում է, որ այն կարող է ապահովել Մեծ Բրիտանիայի և ամբողջ եվրոպական մայրցամաքի անվտանգությունը։

«Մեծ Բրիտանիան պատրաստ է առաջատար դեր խաղալ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների տրամադրման արագացման գործում։ Սա ներառում է շարունակական աջակցություն ուկրաինացի զինվորականներին, որոնց համար Բրիտանիան արդեն տարեկան 3 միլիարդ ֆունտ ստեռլինգ է տրամադրում առնվազն մինչև 2030 թվականը», – ասել է վարչապետը՝ շարունակելով․ – «Բայց սա նաև նշանակում է ցանկություն և պատրաստակամություն՝ նպաստելու Ուկրաինայի անվտանգության ապահովմանը`անհրաժեշտության դեպքում նաև սեփական զորքերի տեղակայմամբ, եթե դրա անհրաժեշտությունը կա»։

Սթարմերի այս հայտարարությունը հնչում է Ֆրանսիայում այսօր նախատեսված եվրոպական առաջնորդների գագաթնաժողովի ֆոնին, որտեղ կքննարկվի ուկրաինական պատերազմի հարց, ինչպես նաև այն մտահոգությունների ֆոնին, թե Սաուդյան Արաբիայում Վաշինգտոնը կարող է Մոսկվայի հետ գործարք կնքել, որը կարող է հակասել եվրոպական անվտանգության շահերին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով